«Վրացական երկաթուղին» չի քննարկում Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը
«Վրացական երկաթուղի» ընկերությունը որևէ բանակցություն չի վարում Աբխազիայի տարածքով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ։
Այս մասին ընկերությունը հայտնել է «Իմեդի» հեռուստաընկերությանը։
««Վրացական երկաթուղի»-ն չի քննարկում Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը, հետևաբար, մեզ համար բացարձակապես անհասկանալի է, թե ինչու է այս հարցը հայտնվել օրակարգում»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։
Ավելի վաղ, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Ռուսաստանը քննարկում է Աբխազիայի միջոցով Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը:
«Կովկասում տրանսպորտային և լոգիստիկ կապի ամրապնդումը չափազանց կարևոր է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ժողովուրդների խաղաղության, կայունության և տնտեսական բարգավաճման համար։ Մենք հույս ունենք տարածաշրջանի բոլոր պետությունների միջև կառուցողական համագործակցության վրա՝ այս կարևոր համատեղ խնդիրը լուծելու համար»,- ասել էր Օվերչուկը։
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ հանրապետությունը շփումներ չունի Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ։
