ՊՆ նախկին պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել խոշոր չափերի գույքի հափշտակության համար. նախաքննության ավարտ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած անձը դիտավորությամբ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու վիճակ ստեղծելու նպատակով իրականացրել է իրեն պատկանող այլ անշարժ գույքերի ձևական օտարումներ և խարդախության եղանակով հափշտակել ՊՆ նախարարի հրամանով անհատույց օգտագործման իրավունքով իրեն հանձնված բնակարանը:
Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ ՊՆ պաշտոնատար անձը, մշտապես բնակվելով իրեն և կնոջը պատկանող բնակարանում, 2018 թվականի հոկտեմբերի 9-ին ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովին է ներկայացրել բնակելի մակերեսով ապահովվածության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, որի հիման վրա հանձնաժողովը Երևանի հասցեներից մեկի բնակարանն անհատույց սեփականության իրավունքով վերջինիս տրամադրելու հարցին տվել է դրական եզրակացություն։
Արդյունքում 2019 թվականի հուլիսին ՊՆ հաշվեկշռում գտնվող առանձնապես խոշոր չափերի՝ 21 մլն 400 հազար ՀՀ դրամ արժողությամբ բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել է հիշյալ պաշտոնյային:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրությունում:
