2024 թ. պետական բյուջեն կարող ենք դիտարկել անվտանգային բյուջե. Անդրանիկ Քոչարյան

2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը Պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է երկու ռեժիմով` բաց եւ փակ: Քննարկումների արդյունքում փաստել եմ` 2024 թվականի պետական բյուջեն կարող ենք դիտարկել որպես անվտանգային բյուջե. այս մասին ԱԺ նոյեմբերի 15-ի նիստում ասել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

 

Նա հայտնել է, որ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում դռնբաց ռեժիմով քննարկվել է միայն ՆԳՆ ծրագրային հատվածը, իսկ փակով` պաշտպանության ծրագրային հատվածն ու բյուջեի կառուցվածքը, որը հիմնականում վերաբերել է սպառազինության ձեռքբերմանն ու իրականացվող այլ ծրագրերի:

 

«Սպառազինության բովանդակության մեջ նոր գաղափար է դրված` ՀՀ-ն պաշտպանական բնույթի օգտագործված սպառազինություն այլեւս երբեք ձեռք չի բերելու: Մեր ռազմավարությունն անշեղորեն իրականացնելու է այդ խնդիրը»,- հայտնել է Անդրանիկ Քոչարյանն ու անդրադարձել նիստի ընթացքում քննարկված ամրաշինական աշխատանքներին: «Եթե նախորդ 26 տարիներին կատարվեին այնպիսի ամրաշինական աշխատանքներ, ինչպիսիք վերջին տարիներին են իրականացվել, 44-օրյա պատերազմի բաժանարար գիծն այլ տարածքով կանցներ: Կապիտալ ներդրումներն այսօր ուղղվում են այդ խնդրի լուծմանը, ինչը չի արվել շատ երկար ժամանակ»,- ասել է խորհրդարանականը:

 

Անդրանիկ Քոչարյանը շեշտել է, որ Արտաքին հետախուզությանը հատկացված բյուջետային ծախսերը պետք է հասանելի լինեն Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին, դրանք պետք է քննարկվեն դռնփակ ռեժիմով: Անդրադարձ է կատարվել ԱԱԾ խնդիրներին, բյուջետային ավելացումներին, նշվել է, որ դրանք միտված են սահմանային մարտահրավերները ճիշտ կառավարելուն:

 

Հանձնաժողովի նախագահը գոհունակությամբ նշել է, որ բյուջետային քննարկումներին մասնակցել է նաեւ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ Ամանորին ընդառաջ խմբակցությունը դիմելու է ՊՆ-ին: Իշխանասարի դիրքեր բարձրանալու կապակցությամբ: Պատգամավորը հետաքրքրվել է` Անդրանիկ Քոչարյանը կմիջնորդի՞, որ վերջիններիս թույլ տան տեսակցել կառուցված նոր դիրքերը:

 

Անդրադառնալով հարցին` հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները կկարողանան բարձրանալ նշված դիրքերը հանձնաժողովի հետ միասին: Խորհրդարանականը նշել է, որ կոնկրետ դիրքեր բարձրանալու հնարավորություն կունենան այն պատգամավորները, որոնք դրա թույլտվությունն ունեն: Իսկ եթե խմբակցությունն ուզում է գնալ դիրքեր առանց հանձնաժողովի, պետք է դիմի ՊՆ-ին, վերջինս պատասխանով հանդես կգա:

You may also like...