Իրավունք ունեմ ծանոթանալ 44-օրյայի զեկույցին. Դավիթ Տոնոյան
Ես իրավունք ունեմ ծանոթանալ զեկույցին, դիմել եմ ևս մեկ անգամ, որևէ պատասխան դեռ չունեմ, զեկույցը՝ ըստ ԱԺ աշխատակազմի ղեկավարի, չունի այն կարգավիճակը, որը հնարավորություն կտա, որ ես դրան ծանոթանամ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ հայտարարությանը, որում նա նշել էր, որ Տոնոյանը կարող է ծանոթանալ զեկույցին:
Հարցին, թե արդյո՞ք զեկույցի բացահայտման դեպքում հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը վատ դրության մեջ հայտնվի, և դրանով պայմանավորված հանրությունից թաքցնեն այն՝ Տոնոյանը պատասխանեց.
«Ես չգիտեմ, թե ով ինչ իրադրության մեջ կարող է հայտնվել, իմ խնդիրն է հասկանալ, արդյոք պատասխանները ճիշտ են ձևակերպված, արդյոք ճիշտ ընկալումների են եկել, դրանից հետո չլինեն միջազգային լուրջ խնդիրներ ու զեկույցը, որը հիմված է լինելու նաև իմ պատասխանների վրա, ճիշտ բովանդակություն ունենա»:
