Ավստրիայում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը. ովքեր են մասնակցում, և ովքեր են բացակա
Փետրվարի 17-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է ՀԱԵ Եպիսկոպոսաց հավաքը, որին մասնակցում են Հայ առաքելական եկեղեցու Ամենայն հայոց կաթողիկոսության 25 արքեպիսկոպոս և եպիսկոպոս, այդ թվում՝ Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքություններից։
Այս մասին տեղեկատվությունը հրապարակել է Մայր Աթոռը:
Մասնակիցներին իրենց ուղերձը հղել են նաև Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, Երուսաղեմի հայ պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Օրակարգի քննարկումից և հաստատումից հետո ընտրվել է դիվանը՝ վարելու Եպիսկոպոսաց հավաքի հետագա աշխատանքները։
Հիշեցնենք՝ Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։
Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոսը հայտնել էր, որ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) չի կարողանալու մասնակցել Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին:
Ըստ նրա՝ այդպիսով Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը փոխվում է, և այն կկայանա արդեն որպես սոսկ եպիսկոպոսաց հավաք։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գերագույն հոգևոր խորհրդի անդամ հանդիսացող 7 անձի մեղադրանք է առաջադրվել: Վերջիններիս նկատմամբ ևս որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:
Նշենք՝ հիշյալ 7 անձանց թվում են Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Սյունյաց թեմի առաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղար Տեր Մովսես քահանա Սահակյանը, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը:
Տնային կալանքի տակ գտնվելու պայմաններում եպիսկոպոսաց ժողովին չի մասնակցում նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
