Խարույկ, չեխական ուտեստներ, հայկական ազգային ավանդական պար․ Գյումրիում կայացավ հոկեյի հայ-չեխական հանդիպումը (լուսանկարներ)
Գյումրու Բարեկամության այգում բարեկամական հանդիպում են անցկացրել տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականն ու Չեխիայի թիմը։ Այս հանդիպումը բազմաթիվ գյումրեցիների, ՀՀ տարբեր բնակավայրերի բնակիչների և չեխերի էր բերել Գյումրի։
Մինչ խաղի մեկնարկը ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալ չեխական խոհանոցին, հյուրասիրվեցին տեղում պատրաստվող ուտեստներով, չեխական գարեջուրը վայելեցին «Հրայրք» ավանդական պարի խմբի կատարումներով, նաև մասնակցեցին ազգային պարերի ուսուցմանը։
Նոր ծանոթություններ, հին կապերի վերաթարմացումներ, անցած ու գալիք օրերի մասին մասին խոսակցություններով տարվածները խմբվեցին խարույկների շուրջ՝ էլ ավելի ջերմացնելով Բարեկամության այգու բարեկամական հյուրընկալությունը։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ասաց՝ մեկտեղվել են սպորտն ու մշակույթը։
«Սպորտը վաղուց դարձել է ժողովուրդներին միավորող ուժ, փոխադարձ հարգանք և վստահություն ձևավորող կամուրջ։ Հայաստանի և Չեխիայի ժողովուրդների միջև ձևավորված հարաբերությունները տարիների ընթացքում ամրապնդվել են փոխադարձ վստահության, աջակցության և արդյունավետ համագործակցության շնորհիվ։ Մենք ևս մեկ անգամ վկայում ենք, որ այդ հարաբերությունները շարունակաբար զարգանում են։
Այս բարեկամական հանդիպումը պարզապես մարզական մրցում չէ. այն խորհրդանշում է մեր ժողովուրդների միջև կապը, մշակութային երկխոսությունը և համագործակցության շարունակական զարգացումը։
Սառույցի վրա մրցակցությունը թող լինի ազնիվ ու ոգեշնչող, իսկ խաղից դուրս՝ ջերմ ու բարեկամական»,- ելույթի իր խոսքում ներկաներին դիմեց մարզպետը։
Գյումրիում էր նաև Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը։ Իրեն հատուկ նրբանկատությամբ ու սիրալիր ժպիտով ողջունեց բոլորին և փաստեց՝ մթնոլորտը հիանալի է։
«Չեխիան ունի հոկեյի լավ հավաքական ու հարուստ ավանդույթ։ Սա Չեխիայում ամենահայտնի սպորտաձևն է, սակայն Հայաստանն ունի տափօղակով հոկեյի տղամարդկանց հրաշալի թիմ, իսկ Գյումրին խորհրդային տարիներին ունեցել է հոկեյի թիմ ու կա անհրաժեշտություն այս սպորտաձևն այսօր երիտասարդների շրջանում տարածելու: Ուզում ենք այս խաղով վերադարձնել այդ ավանդույթը: Ես իսկապես սիրում եմ Գյումրին, այն Հայաստանի Հանրապետության իմ ամենասիրելի քաղաքներից մեկն է։ Այստեղ եղել եմ ոտ 30 անգամ և ամեն այցիս նոր բան եմ բացահայտում»,-ասաց դեսպանը։
Մինչ պաշտոնյաները ելույթներ էին ունենում, հոկեյիստների նկատմամբ հետաքրքրությունը հասավ գագաթնակետին։ Ներկաներից շատերը շտապեցին անձամբ հանդիպել ու ծանոթանել նրանց հետ, լուսանկարվել, հետո էլ՝ խաղին հետևել՝ այս անգամ ոչ թե էկրանից, այլ սեփական աչքերով՝ բաց սահադաշտում։
Պետր Պիրունչիկը նկատեց՝ խաղը հաղթանակի համար չէ, այլ սպորտաձևի հանրահռչակման: Դեսպանը կարճ ժամանակ անց Չեխիայի հավաքականի մարզահագուստով միացավ հոկեյիստներին։ Հնչեցին երկու երկրների օրհներգերը, մեկնարկեց հայ-չեխական բարեկամական հանդիպումը։
Մարզական երեկոյի մեկնարկից մինչ ավարտ Բարեկամության այգում ոգևորությունը չմարեց։ Թիմերի երկրպագուները Գյումրու ցուրտը հաղթահարեցին վառվող կրակների, մասամբ էլ ոգևորված ծափերի ու թռչկոտելու շնորհիվ։
Գույներով, հույզերով ու անկեղծ ժպիտներով մրցումային օրն ավարտվեց 11:8 հաշվով՝ Հայստանի հավաքականի հաղթանակով։
Չեխիայի հավաքականի անդամներին Գյումրին դուր եկավ, ոմանք էլի էին եղել, նորեկները վերադառնալու հույս հայտնեցին։
Գյումրու Բարեկամության զբոսայգու ծրագրերի համակարգող Էմմա Բաղդասարյանն ընդգծեց՝ իրենց կոնցեպտի մեջ առաջնայինը պետությունների և ազգերի երկխոսությանը նպաստելը, դրանք ամրապնդելն է, ինչը հետագայում ներդրումների հնարավորություն է ենթադրում։
Բարեկամության այգում միջոցառումը տեղի ունեցավ Հայաստանում Չեխիայի դեսպանատան աջակցությամբ։ Հայ-չեխական հոկեյի երեկո անցկացվել էր Գյումրիում նաև մեկ տարի առաջ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
