Թրամփն իր ամենամյա ուղերձում խոսել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության և ԱՄՆ միջնորդական ջանքերի մասին

«Համաձայն ԱՄՆ Սահմանադրության՝ նախագահը «ժամանակ առ ժամանակ պետք է Կոնգրեսին ներկայացնի երկրի միասնության իրավիճակի մասին տեղեկատվություն»:

ԱՄՆ Կոնգրեսի համատեղ նիստում Դոնալդ Թրամփի ամենամյա Միասնության իրավիճակի մասին ուղերձը տևել է մոտ 1 ժամ 48 րոպե՝ դառնալով ԱՄՆ պատմության ամենաերկար այդպիսի ուղերձը»:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը՝ խոսելով տնտեսության հաջողությունների, արտաքին քաղաքական ձեռքբերումների, ազգային անվտանգության, սահմանների պահպանման ու ապօրինի մուտքերի նվազման, ոլորտային առաջնահերթությունների, ընթացիկ նախաձեռնությունների և ապագայի քաղաքական ծրագրերի մասին:

Նա պետական պարգևներ է հանձնել օլիմպիական չեմպիոններին և զինվորականներին՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար:

«Մենք սիրում ենք ձեզ բոլորիդ։ Մենք հպարտ ենք՝ վերականգնելով ամերիկացիների անվտանգությունը տանը, և մենք հպարտ ենք նաև՝ վերականգնելով ամերիկացիների անվտանգությունը արտերկրում»,- ասել է Թրամփը։

Ելույթի ընթացքում նախագահը անդրադարձել է նաև իր մասնակցությամբ ավարտված պատերազմներին։

«Մեր երկիրը երբեք ավելի ուժեղ չի եղել։ Իմ առաջին 10 ամիսների ընթացքում ես ավարտեցի ութ պատերազմ, այդ թվում՝ Կամբոջան։ Կամբոջա և Թաիլանդ, Պակիստան և Հնդկաստան․ դա կլիներ միջուկային պատերազմ։ 35 միլիոն մարդ, ինչպես ասաց Պակիստանի վարչապետը, կմահանար, եթե իմ միջամտությունը չլիներ։

Կոսովո և Սերբիա, Իսրայել և Իրան, Եգիպտոս և Եթովպիա, Հայաստան և Ադրբեջան, Կոնգո և Ռուանդա և, իհարկե, Գազայի պատերազմը, որը ներկայում շատ ցածր մակարդակի վրա է։ Այն գրեթե ավարտվել է։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել»,- ասել է Թրամփը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին՝ այդ գործում ներդրած ջանքերի համար։

You may also like...