Փոխվարչապետն ընդունել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության պատվիրակությանը
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության Հարավային Կովկասի երկրների խմբի նախագահ Գոթիե Ռիկորի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան երկկողմ գործարար կապերի ընդլայնման կարևոր ցուցիչ է։
Այս համատեքստում փոխվարչապետն անդրադարձել է երկու երկրների մասնավոր հատվածների փոխգործակցության կարևորությանը հատկապես նոր որակի բիզնես մշակույթի, այդ թվում՝ ներդրումների ներգրավմանը զուգահեռ նոր գիտելիքի, տեխնոլոգիաների և կարողությունների ձևավորման տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում ֆրանսիական մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները մանրամասն անդրադարձ են կատարել իրենց գործունեության հիմնական ուղղություններին և պատրաստակամություն հայտնել կուտակած փորձն ու մասնագիտական ներուժը ծառայեցնելու Հայաստանում տարբեր ձևաչափերով ներդրումային ծրագրերի իրականացմանը։
Անդրադառնալով համագործակցության հնարավոր ուղղություններին՝ Տիգրան Խաչատրյանը վստահեցրել է, որ Կառավարությունը գործադրում է հետևողական ջանքեր երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի ամրապնդման և հայաստանյան ներդրումային միջավայրը ֆրանսիական ընկերություններին ավելի գրավիչ դարձնելու ուղղությամբ։
