Իրանը և Իսրայելը փակել են իրենց օդային տարածքները
Իսրայելը փակել է իր օդային տարածքը՝ Իրանին հասցրած հարվածներից հետո։
Այս մասին հաղորդել է Իսրայելի օդանավակայանների կառավարման վարչությունը։ Օտարերկրյա ավիաընկերությունների ինքնաթիռները, որոնք պետք է Իսրայելում վայրէջք կատարեին, օդում պտտվում և վերադառնում են այն օդանավակայաններ, որտեղից իրականացրել էին թռիչքը։
Իսրայելական ավիաընկերությունները փորձում են իրենց ինքնաթիռներն ուղարկել հարևան երկրների օդանավակայաններ։
Ռուսական ՏԱՍՍ գործակալությունն էլ հայտնել է, որ Իրանը ևս փակել է իր օդային տարածքը։ Նշվում է, որ երկրի օդային տարածքը փակվել է բոլոր տեսակի օդանավերի համար։
Ավելի վաղ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։ Իրանական լրատվամիջոցներն էլ հայտնել են Թեհրանում պայթյունների մասին։
