ՀԱՆՐԱԳԻՐ․ Պետությանը վերադարձնել անօրինական գործունեություն իրականացնող «Պրոգրես համալսարանի» շենքը

Տարիներ շարունակ Գյումրու կենտրոնում՝ Տիգրան Մեծ 1 հասցեում, գործունեություն ծավալող «Պրոգրես համալսարանը» ապօրինի գործունեություն է ծավալել։ Ներկայացնում ենք լրագրողական հետաքննությամբ մեզ հայտնի դարձած մանրամասնություններ։

2002 թ․ ապրիլի 23-ին ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանը «Անշարժ գույքի նվիրաբերության պայմանագրով» «Պրոգրես համալսարան» արտադրական կոոպերատիվին է նվիրաբերել Գյումրու Տիգրան Մեծ թիվ 1 հասցեի եռահարկ շենքը  (ընդհանուր մակերեսը՝ 2012 քմ, օգտագործման իրավունքով հողամասը՝ 1858 քմ)։

Նվիրաբերության պայմանագրի 5․1 կետում շեշտվում է, որ Նվիրառուն («Պրոգրես համալսարան» արտադրական կոոպերատիվը) իրավունք ունի տնօրինելու գույքը միայն «որպես կրթահամալիր», իսկ Նվիրաբերողը (ՀՀ կառավարությունը, մարզպետարանը), համաձայն պայմանագրի 6․3 կետի, պարտավոր է ստուգել գույքի նպատակային նշանակությամբ օգտագործումը։

Պայմանագրի 7․1 կետում շեշտվում է, որ այն կարող է «անվավեր ճանաչվել», եթե խախտվել է պայմանագրի 5․1 կետը, այսինքն ծառայում է ոչ որպես կրթահամալիր։

Ներկայացնում ենք «Անշարժ գույքի նվիրաբերության պայմանագրի» բնօրինակը։  

Տարիներ շարունակ «Պրոգրես համալսարան» արտադրական կոոպերատիվին նվիրաբերված շինության զգալի մասը ծառայել է այլ կառույցների համար որպես վարձով հանձնվող տարածքներ, այսինքն պետության նվերը «Պրոգրես համալսարան» արտադրական կոոպերատիվն օգտագործել է ոչ նպատակային, սեփականատերերի հարստացման համար։

Ամենապարզ ուսումնասիրությամբ հստակ է դառնում, որ «Պրոգրես համալսարան» արտադրական կոոպերատիվն ապօրինի գործունեություն է ծավալել։ Օրինակ՝ “Google Earth” ծրագրի միջոցով յուրաքանչյուրը կարող է Գյումրու Անկախության հրապարակի նկարների մեջ տեսնել «Պրոգրես համալսարանի» շենքը (պատկերը ներկայացնում ենք): Շենքի կենտրոնական մուտքի վերնամասում գրված է «Տրվում են վարձով տարածքներ» և նշված է հեռախոսահամարը, առաջին հարկում հստակ երևում են կոմերցիոն (ոչ կրթական) գործունեությամբ զբաղվող հաստատություններ, այդ թվում տեսնում ենք «Ռոսգոսստրախ» մակագրությունը։

Ի դեպ «Պրոգրես համալսարան» արտադրական կոոպերատիվը «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի հետ տարածքի վարձակալության պայմանագիր է ստորագրել 2011 թվականի նոյեմբերի 21-ին՝ ամսական 313․000 ՀՀ դրամ վարձավճարով (ըստ անհրաժեշտության պայմանագիրը կարող ենք հրապարակել)։ Ապահովագրական ընկերությունը մինչև օրս գործունեություն է ծավալում այդ հասցեում։ Այսինքն նախորդ 12 տարվա ընթացքում միայն այդ ընկերությունը որպես վարձավճար առնվազն 45 մլն ՀՀ դրամ է փոխանցել «Պրոգրես համալսարան» արտադրական կոոպերատիվին։ Այս պահին չենք նշում այն մասին, թե որքան անօրինական վարձավճարներ է հավաքագրել «Պրոգրես համալսարան» արտադրական կոոպերատիվն այլ վարձակալներից։ Այսինքն տարիների ընթացքում «Պրոգրես համալսարան» արտադրական կոոպերատիվը ապօրինաբար յուրացրել է հարյուր միլիոնավոր դրամներ, որոնք կարող էին ուղղվել պետական կամ համայնքային բյուջե։

Ի դեպ ըստ ՀՀ Կառավարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների «Պրոգրես համալսարան» արտադրական կոոպերատիվի նկատմամբ կիրառված է սահմանափակում (որին ևս առանձին հոդվածով կանդրադառնանք)։

Իսկ ըստ ՀՀ դատական տեղեկատվական համակարգի տվյալների դատարանի որոշմամբ 2018 թվականին «Պրոգրես համալսարան» արտադրական կոոպերատիվը սնանկ է ճանաչվել։

Այդպիսով՝ «Պրոգրես համալսարան» արտադրական կոոպերատիվի սեփականատերերը տարիների իրենց գործունեության ընթացքում ցույց են տվել, որ իրենք ոչ միայն ապօրինի գործունեությամբ են զբաղվել, այլև չեն կարողացել պետության կողմից նվիրաբերված գույքը պատշաճ կառավարել։

Այժմ մենք հանդես ենք գալիս հանրային պահանջով, որ Կառավարությունը (մարզպետարանը) համապատասխան ընթացակարգով չեղարկի «Պրոգրես համալսարան» արտադրական կոոպերատիվին անշարժ գույքի նվիրաբերության պայմանագիրը, Գյումրու Տիգրան Մեծ թիվ 1 տարածքը հատկացնի իրական կրթական կամ այլ հանրօգուտ գործունեության համար։ Օրինախախտներին պետք է պատժել օրենքի ողջ խստությամբ՝ ապահովելով արդարության վերականգնումը և հանրությանը հասցված վնասի հատուցումը։


ԼՐԱՑՐԵՔ ՍՈՒՅՆ ՀԱՆՐԱԳԻՐԸ, ԵԹԵ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՔ, ՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՎԻՐԱԲԵՐՎԱԾ ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻԳՐԱՆԻ ՄԵԾԻ 1 ՇԵՆՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԻ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ։

You may also like...