Ադրբեջանական կողմն Իրանից պահանջում է սեղմ ժամկետներում պարզաբանել ԱԹՍ-ների հարձակման հանգամանքները. Բայրամով
Իրանական անօդաչուների հարձակումներն Ադրբեջանի վրա մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում:
Այս մասին Ուզբեկստանի ԱԳ նախարար Բախտիյոր Սաիդովի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ջեյհուն Բայրամովը զրուցակցին մանրամասն տեղեկություններ է հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ։
Նա հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ իրականացված այս գործողությունը միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների կոպիտ խախտում է և անմիջականորեն նպաստում է տարածաշրջանում լարվածության մեծացմանը։
Ադրբեջանական կողմը նաև տեղեկացրել է, որ Իրանից պահանջում է սեղմ ժամկետներում պարզաբանել հարձակման հանգամանքները, տալ համապատասխան բացատրություններ և ձեռնարկել անհրաժեշտ անհապաղ միջոցներ՝ հետագայում նմանատիպ դեպքերի կրկնությունը բացառելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարք էր ընկել:
Երկրի ԱԳՆ-ն հաստատել էր միջադեպը՝ խստիվ դատապարտելով այն ու նշելով, որ իրանական անօդաչուների հարվածներից տուժել է Նախիջևանի օդանավակայնն ու մոտակա դպրոցի շենքը․ կա 2 տուժած:
Նշվում է, որ հարձակումը եղել է «Շահեդ-136» կամիկաձե անօդաչու թռչող սարքով։ Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ:
