Իրանն այլևս «Մերձավոր Արևելքի պարտվողն» է․ Թրամփը սպառնացել է ավելի հուժկու հարվածներով
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանին ավելի հուժկու և ավերիչ հարվածներ հասցնելու մասին՝ սպառնալով, որ այդ հարվածների ալիքի տակ կհայտնվեն նաև մինչ այս թիրախ չհամարվող այլ տարածքներն ու մարդկանց խմբերը։
Թրամփը կարծիք է հայտնել, որ Մերձավոր Արևելքի հարևան երկրներին այլևս հարվածներ չհասցնելու մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտարարությունն արվել է միայն ԱՄՆ-ի և Իսրայելի անդադար հարձակման արդյունքում։
«Իրանը ցանկանում էր գրավել և կառավարել Մերձավոր Արևելքը։
Սա առաջին դեպքն է, երբ Իրանը հազարամյակների ընթացքում պարտվել է շրջակա մերձավորարևելյան երկրներին։ Իրանն այլևս «Մերձավոր Արևելքի բռնակալը» չէ, այլ «Մերձավոր Արևելքի պարտվողն» է, և այդպես կլինի տասնամյակներ շարունակ, մինչև նրանք հանձնվեն կամ, ավելի հավանական է, լիովին փլուզվեն։ Իրանն այսօր արդեն ավելի հուժկու և ավերիչ հարվածների է ենթարկվելու։
Իրանի վատ վարքագծի պատճառով լիակատար ոչնչացման և անխուսափելի մահվան քննարկման ներքո են այն տարածքները և մարդկանց խմբերը, որոնք մինչև այս պահը որպես թիրախներ չէին դիտարկվում»,- հայտարարել է Թրամփը։
Ավելի վաղ, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետության ժամանակավոր կառավարող խորհուրդը որոշել է դադարեցնել հարևան երկրներին թիրախավորումը, եթե նրանք չհարձակվեն Իրանի վրա։
