Միջազգային քրեական դատարանում ներկայացվել է Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը

Նոյեմբերի 24-ին Նիդերլանդների դեսպան Հենկ Կոր ֆան դեր Կվաստի և Հարավային Կորեայի դեսպան Հյոնգ-չան Չոյի աջակցությամբ Միջազգային քրեական դատարանում տեղի է ունեցել քննարկում՝ դեսպան Վիկտոր Բիյագովի և Դատարանի մասնակից պետությունների դեսպանների և այլ ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ մասին հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում։
Հայաստանի դեսպանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը։ Իր ելույթում դեսպանն ընդգծել է, որ Հռոմի կանոնադրությունը վավերացնելու մասին որոշումը պայմանավորված է համընդհանուր արժեքների, բազմակողմ քաղաքականության և արդարադատության նկատմամբ անկեղծ հավատով։
Դեսպան Վիկտոր Բիյագովը վստահեցրել է գործընկերներին անպատժելիության դեմ պայքարում ոչ մի ջանք չխնայելու Հայաստանի աներկբա հանձնառության մասին։
Գործընկերները ողջունել են Հռոմի կանոնադրությունը վավերացնելու Հայաստանի որոշումը՝ որպես միջազգային քրեական արդարադատության համընդհանուրացմանն ուղղված կարևոր քայլ։
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Միջազգային քրեական դատարանի արդյունավետության բարձրացման, Հայաստանի համար կարողությունների զարգացման հնարավոր ծրագրերի և առաջիկայում կայանալիք Մասնակից պետությունների ասամբլեայի շուրջ։

 

You may also like...