Եթե 2024-ին չկայացնեինք սահմանազատման որոշում, ՀՀ-ն այսօր կլիներ առավելագույնը՝ արտաքին կառավարման տարածք

Հատկապես միջազգային հարթակներում ինձ շատ են հարցնում, թե ինչո՞ւ, ինչո՞ւ այնուամենայնիվ, 2025 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը հնարավոր դարձավ, իսկ նախկինում այն հասանելի չէր, ինչն է դրա պատճառը, ինչը փոխվեց այնուամենայնիվ։

ԵԽ-ում ելույթի ժամանակ խոսելով այս մասին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ իհարկե էական եւ շրջադարձային էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներգրավվածությունն ու նախաձեռնությունը։

«Երկրորդ գործոնը, որ հնարավոր դարձրեց խաղաղությունը, Հայաստանի եւ Ադրբեջանի վերջին առնվազն 100 տարվա պատմության փոխկապվածության գիտակցումն էր։ 1918 թվականին Հայաստանը և Ադրբեջանն անկախացել են նույն օրը։ Երկու տարի անց, 1920 թվականին, անկախությունը կորցրել են ամիսների տարբերությամբ։

1991 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը անկախացել են էլի ամիսների տարբերությամբ, կամ նույնիսկ կարելի է ասել նույն օրը, երբ Ալմա-Աթայի հռչակագրով արձանագրվեց Խորհրդային Միության գոյության ավարտը։

1920 թվականին հայ–ադրբեջանական բախումներն այն առանցքային գործոնն էին, որոնք երկու երկրներին հնարավորություն չտվեցին պահպանել անկախությունն ու զարգացնել այն։

Հիմա՝ մեկ դար անց, մենք ապրում ենք նույնքան բարդ տարածաշրջանում եւ աշխարհաքաղաքական հեղեղները, ինչպես 20–րդ դարասկզբին, այնպես էլ հիմա, չեն խնայի մեզ, եթե ինքներս մեր մասին հոգ չտանենք, որովհետեւ հակամարտությունը, թշնամանքը այն վիրուսն են, որը կուրացնում է մեզ, խոցելի է դարձնում մեր անկախությունն ու պետականությունը, մեզ գայթակղիչ թիրախ է դարձնում աշխարհաքաղաքական մահացու հիվանդությունների համար։ Եվ ուրեմն՝ մեր ճակատագրերի ռազմավարական փոխկապվածության գիտակցումն է այն մյուս էական գործոնը, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։

Տարընթերցումների տեղ չտալու համար ընդգծեմ, որ սա իմ անձնական կարծիքն է եւ իմ անձնական համոզմամբ՝ 2024 թվականի մարտ–ապրիլ ամիսներին մենք հասել էինք Հայաստանի պետականության եզրին ու եթե 2024 թվականի ապրիլին մենք չկայացնեինք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը մեկնարկելու որոշում, Հայաստանի Հանրապետությունն այսօր կլիներ ոչ թե անկախ պետություն, այլ առավելագույնը՝ արտաքին կառավարման ներքո գտնվող տարածք։

Ընդ որում, սահմանազատման 2024 թվականի ապրիլի այդ որոշումը կայացնելը շատ դժվար էր։ Մեր եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել պահանջելու համար ոչ միայն չիրականացնել սահմանազատում, այլեւ ըստ էության, ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը, ասել է թե՝ կոնֆլիկտը։

Տասնյակ հազար քաղաքացիներ՝ տրվելով բարձրաստիճան հոգեւորականների եւ նրանց աջակից ընդդիմադիր ուժերի կողմից իրականացվող ապատեղեկատվության արշավին, ովքեր պնդում էին, թե Հայաստանի Կառավարությունը պատրաստվում է Հայաստանի ինքնիշխան տարածքներ եւ դրանցում գտնվող հնամյա եկեղեցիներ ու բնակավայրեր զիջել Ադրբեջանին, դուրս էին եկել փողոց։

Դուք կարող եք պատկերացնել, թե ինչ էր դա նշանակում 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ իշխանության հասած մեր Կառավարության ու քաղաքական թիմի համար։

Իսկ ինչպե՞ս մենք լուծեցինք խնդիրը։

Մենք խոսեցինք մեր գործատուի՝ ժողովրդի հետ։ Եվ հիմա, Տավուշի մարզի Կիրանց գյուղը, որը եկեղեցական-ընդդիմադիր շարժման առաջնորդներն իրենց սիմվոլն էին դարձրել, մարդկանց համոզելով, թե գյուղը դատարկվելու է ու լքվելու, սահմանազատումից հետո տների մոտ 50 տոկոս աճ է ունեցել Կառավարության աջակցությամբ եւ այսօր բացարձակապես խաղաղ, անվտանգ ու գունագեղ բնակավայր է։ Իսկ հնամյա եկեղեցիները վերականգնվում են կամ նորոգվում։

Անձամբ ես, քաղաքացիների խմբերի այցելություններ, շրջագայություններ եմ կազմակերպում Տավուշի մարզի Կիրանց գյուղ՝ մարդկանց ցույց տալու, թե ինչ նկատի ունենք խաղաղություն ասելով, ինչ նկատի ունեմ Իրական Հայաստան ասելով, որի սիմվոլը՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պատկերը, կրում եմ կրծքիս»,- ասաց վարչապետը։

You may also like...