Ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիր

Ծրագրի հիմնական նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող խաղողի, ինտենսիվ պտղատու այգիների, հատապտղանոցների հիմնման, ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակման, ինչպես նաև ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման պետական աջակցության միջոցով՝ խթանել ժամանակակից, բարձր բերքատվությամբ այգիների հիմնումը և այդ եղանակով պտղաբուծության և խաղողագործության զարգացումն ու արդյունավետության բարձրացումը, ավելացնել մրցունակ խաղողի, պտղի և հատապտղի արտադրության և արտահանման ծավալները, խթանել ոչ ավանդական բարձր արժեք ապահովող մշակաբույսերի արտադրությունը, նվազեցնել կարկտահարության և այլ բնակլիմայական գործոններով պայմանավորված ռիսկերը, նպաստել ջրային ռեսուրսների խնայողաբար և արդյունավետ օգտագործմանը, մեղմել կլիմայի փոփոխության ազդեցությունը և նպաստել հարմարվողականության մակարդակի բարձրացմանը, նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021-2023 թվականներին և ընդգրկելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը։

Ծրագիրն իրականացվելու է երկու բաղադրիչով՝ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման և ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։

Ծրագրին մասնակցելու նպատակով շահառուները մինչև ներդրման աշխատանքների սկսվելը դիմում են ծրագրին մասնակից ֆինանսական կառույցներին (ՑԱՆԿ), իսկ փոխհատուցման բաղադրիչի դեպքում՝  Էկոնոմիկայի նախարարությանը։

Ծրագիրը կարող է իրականացվել ինչպես կապալառու կազմակերպության միջոցով, այնպես էլ առանց դրա: Վերջինիս հետ համագործակցությունից կախված տրամադրվող վարկի կամ փոխհատուցվող գումարի չափը փոփոխության ենթակա չէ:

Ծրագրի շրջանակում շահառուն պարտավոր է նաև այգեհիմնմանը հաջորդող 3 տարիների համար վարել գրանցամատյան։

Ծրագրի շրջանակում այգեհիմնման նպատակով թույլատրվում է այգեհիմնման տարածքի չափով հողի ձեռքբերում, եթե չի գերազանցվում գնահատված ծախսերի առավելագույն սահմանաչափերը։

Բաղադրիչ 1․Վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում

  • 0.5 (յուրաքանչյուր պտղատեսակի համար)-200 հա այգեհիմնում (ներառյալ առաջին տարվա խնամքի ծախսերը)
  • 0.5-100 հա տարածքի համար ոռոգման արդիական համակարգերի ներդրում և (կամ) ջրավազանների կառուցում կամ ընդլայնում
  • 0.5-100 հա կարկտապաշտպան ցանցերի ներդրում
  • 1.0-30 հա ծնեբեկի, պրասասոխի, ռուկոլայի, բրյուսելյան և պեկինյան կաղամբների, կոլրաբիի, գանգրակաղամբի (կալե), ցուկինիի (դեղին կամ մուգ կանաչ) և պատիսոնի, քաղցր եգիպտացորենի մշակություն

Բաղադրիչ 2․ Ծախսերի մասնակի փոխհատուցում

  • 0.5 (յուրաքանչյուր պտղատեսակի համար)-10 հա այգեհիմնում
  • 0.5-10 հա ոռոգման արդիական համակարգերի ներդրում
  • Ծրագրի շրջանակում 0.5-10 հա այգեհիմնման համար (1-ին տարվա խնամքի ծախսերը ներառված չեն) յուրաքանչյուր շահառուի կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի (բայց ոչ ավելի, քան ծրագրով գնահատված ծախսերի) 50%-ը՝ ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա։

    Ծրագրի շրջանակում առանց այգեհիմնման 0.5-10 հա ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար յուրաքանչյուր շահառուի կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի 50 %–ը, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծրագրով գնահատված առավելագույն սահմանաչափերի 50%-ը։

    Շրագրի փոխհատուցման բաղադրիչին մասնակցության դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ուղարկել secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին:

    Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

    Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչություն, հեռ.՝  011 597 254, Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչություն` 011 530 333, Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչություն՝011 597 120 հեռախոսահամարով։

You may also like...