Ռուսաստանի և Արևմուտքի համերաշխության ուղին. ՌԴ կազմաքանդում, թե ամերիկյան աշխարհակարգի վերափոխում
Համաշխարհային քաղաքականության մեջ «ցամաքի» և «ծովի» հակամարտությունն առանցքային դեր ունի: Այդ պայքարը սառը պատերազմի տարիներին արտահայտվում էր ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև «զրոյական գումարով խաղի տրամաբանությամբ»: Սա երկբևեռ աշխարհակարգի էությունն էր, որը վերափոխվեց Խորհրդային Միության փլուզման արդյունքում:
1991 թվականից ԱՄՆ-ը հայտարարեց «նոր աշխարհակարգի» ստեղծման մասին, որում Վաշինգտոնը միակ գերտերությունն է, իսկ ամերիկյան արժեհամակարգը լավագույնն է: Հարց է առաջանում, թե այս պայմաններում ինչ դեր է վերապահված նախկին ախոյան Մոսկվային:
Ռուսաստանի կազմաքանդման աշխարհաքաղաքական ռազմավարությունը.
Վաշինգտոնը Մոսկվայի հարցում առաջնորդվում է «Անակոնդա» ռազմավարությամբ՝ աստիճանաբար նեղացնելով Ռուսաստանի շուրջ ձևավորվող օղակը: Կրեմլը դրան փորձում է հակադարձել՝ ամրապնդելով հարևան հետխորհրդային երկրներում իր ազդեցությունը, այդ նպատակի համար է ծառայում և՛ ԱՊՀ-ն, և՛ ՀԱՊԿ-ն, և՛ ԵԱՏՄ-ն: Սակայն տնտեսական ինքնաբավության բացակայությամբ պայմաններում Ռուսաստանի աշխարհաքաղաքական ըմբոստությունը երկար կյանք չի ունենա, արդյունքում օրակարգում կիջնի նաև պետության տարածքային ամբողջականության պահպանման խնդիրը:
Մոսկվան շատ կցանկանար բարեկեցիկ Արևմուտքի մասնիկը դառնալ, սակայն այդ ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ կան: Նախ Ռուսաստանը մեծ ներուժ ունի ամերիկյան սատելիտ դառնալու համար, հենց այդ հիմնավորմամբ դեռ 1990-ականների կեսերին վաշինգտոնյան աշխարհաքաղաքականության օրակարգ իջավ «Սիբիրի կարգավիճակի փոփոխության հարցը»: Մինչև Ուրալ հասնող Ռուսաստանն այլևս ամերիկյան աշխարհակարգի համար վտանգ չի ներկայացնի:
Բայց Դաշնության կազմաքանդումը չի կարող բխել Մոսկվայի շահերից: Կրեմլին ավելի ցանկալի է «Լիսաբոնից Վլադիվոստոկ Եվրոպայի» գաղափարը: Այսինքն այս տեսանկյունից իրատեսական է Ռուսաստանի անդամակցությունը Եվրամիությանը, մինչդեռ այդ դեպքում ԵՄ-ում ուժային ասիմետրիա կառաջանա, իսկ Մոսկվան կունենա դոմինանտ ազդեցություն: Իհարկե այս տարբերակը բնավ ցանկալի չէ ԱՄՆ-ի համար, քանի որ վերջինս կկորցնի իր ազդեցության լծակները այս տարածաշրջանում:
Ռուսաստանի «միացումը» Արևմուտքին ենթադրում է նաև անդամակցություն ՆԱՏՕ-ին, ինչն արդեն անիմաստ է դարձնում հենց Մոսկվայի դեմ ձևավորված ռազմական դաշինքի գոյությունը: Այս դեպքում անհրաժեշտություն կառաջանա վերափոխելու Հյուսիս-ատլանտյան դաշինքը «Հյուսիսային դաշինքի», որը կունենա գլոբալ ոստիկանության գործառույթ:
Նշենք, որ Ռուսաստանը կարող է Արևմուտքի մասնիկը դառնալ երեք հանգամանքների առկայության դեպքում.
- Արևմուտքը պահպանում է իր ներուժն ու գլոբալ գերակայությունը,
- Ռուսաստանի ծանր կարգավիճակում է հայտնվում և դուրս է մնում համաշխարհային մրցակցությունից,
- Միջազգային թատերաբեմում հայտնվում է երրորդ ուժ, որը հավասարապես սպառնալիք է և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի համար (օրինակ չինական սինոցենտրիզմի տարածումը):
Միաբևեռ աշխարհակարգի վերափոխումը.
Ժամանակակից միջազգային հարաբերությունների առանցքային սկզբունքը պետությունների «տարածքային ամբողջականության» պահպանումն է, ինչը «ժողովրդուրդների ինքնորոշման» հրամայականի պայմաններում բազմաթիվ տարածաշրջաններում անլուծելի հակամարտություններ է ձևավորում (այդ թվում նաև Արցախի հիմնախնդիրը):
Ռուսաստանի միջազգային իզոլացման քաղաքականությունը պայմանավորված է Ղրիմի անեքսիայի գործոնով, այս պահին այդ խնդրի լուծման ուղղությամբ ոչինչ չի նշմարվում. Ռուսաստանը չի զիջի Ղրիմը, իսկ Արևմուտքն էլ չի ընդունի անեքսիան:
Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը լուծում կստանա, եթե վերափոխվի աշխարհակարգը՝ միաբևեռայնությունը փոխարինվի բազմաբևեռայնությամբ: Սա արդեն ենթադրում է պետությունների՝ որպես միջազգային հարաբերությունների ավանդական սուբյեկտների դերի նվազում, ինչը բխում գլոբալիզացիայի արդի տրամաբանությունից:
Նոր աշխարհակարգի ձևավորման հիմնական ուղին է երկրագնդի ռեգիոնալիզացումը, երբ կոնկրետ տարածաշրջաններում ազդեցիկ են կոնկրետ տերություններ և հանդես են գալիս ռեգիոնալ շահերի պաշտպանությամբ: Ձևավորվում են տարածաշրջանային միություններ (Եվրամիություն, Եվրասիական միություն, Ասիական-խաղաղօվկիանոսյան միություն, Հարավասիական միություն, Աֆրիկյան միություն, Հյուսիսամերիկյան միություն, Հարավամերիկյան միություն), որոնցում թեև տարածաշրջանային տերությունները կպահպանեն իրենց գերակա ազդեցությունը, սակայն անդամակցող պետություննները ևս որոշումների ընդունման վրա ազդեցության միջոցներ կունենան:
Ռեգիոնալիզացված աշխարհակարգի պայմաններում միջազգային խաղի նոր կանոններ կսահմանվեն, իսկ պետությունների տարածքային ամբողջականության պահպանման հարցը կմնա անցյալում: Այլևս օրակարգային կլինի միությունների միջև հարաբերությունների կարգավորման մեխանիզմը, ինչը չի բացառում նաև այսպես կոչված «Համաշխարհային կառավարության» ձևավորման հնարավորությունը, որի նախատիպն է ՄԱԿ-ը:
Այդպիսով պարզ է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների կարգավորում երկարատև գործընթաց է, ստատուս-քվոյի վերափոխումն ուղեկցվելու է գլոբալ վերափոխումներով: