Նեպալում տեղի է ունեցել նախկին ռեփեր, երկրի ամենաերիտասարդ վարչապետ Շահի երդմնակալությունը

Նեպալի կենտրոնամետ «Ազգային անկախ կուսակցության» առաջնորդ Բալենդրա Շահը, որը նախկին ռեփեր է, պաշտոնապես ստանձնել է երկրի վարչապետի պաշտոնը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

«Ես՝ Բալենդրա Շահս, ժողովրդի և երկրի անունից խոստանում եմ պահպանել Սահմանադրությունը…. և բարեխղճորեն կատարել վարչապետի պաշտոնում իմ պարտականությունները», — ասել է նա երդմնակալության ժամանակ։

Մայրաքաղաք Կատմանդուի նախկին քաղաքապետը, որն այժմ 35 տարեկան է, դարձել է Նեպալի ամենաերիտասարդ վարչապետը։

Նրա կուսակցությունը մարտի սկզբին կայացած ընտրությունների արդյունքներով ստացել է երկրի խորհրդարանի 275 տեղից 182-ը։

Շահը մասնագիտությամբ ինժեներ է, սակայն 2010-ականներին սկսել է իր երաժշտական ​​կարիերան ռեփ ոճում։

Իր ստեղծագործություններում Շահը, մասնավորապես, անդրադառնում էր այնպիսի սոցիալական խնդիրների, ինչպիսիք են գործազրկությունը և աղքատությունը։

You may also like...