Վարչապետն անդրադարձավ ՀՀ տարածքային ամբողջականության և անվտանգության վերաբերյալ քաղաքացիների հարցերին (տեսանյութ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում անդրադարձավ տարածքային ամբողջականության և անվտանգության վերաբերյալ հարցերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում շրջայցի ընթացքում վարչապետը մասնավորապես խոսեց Մեղրիի վերաբերյալ քննարկումների մասին:

«Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում մարդը հարց է տալիս՝ բայց Մեղրին հայկակա՞ն է լինելու:

Մեղրիում այդպիսի հարց չի եղել, մենակ մի հոգի ասել է՝ իբր այս քարտեզի վրա Մեղրին կտրած հանած է:

Զարմանում եմ՝ Երևանում ո՞նց է այդպիսի հարց ծագում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց՝ անվտանգության խնդիրներով պայմանավորված, 2022 թվականը նեգատիվ ազդեցություն է ունեցել Ջերմուկի զբոսաշրջային բիզնեսի վրա, սակայն Ամանորին Ջերմուկի հյուրանոցների բոլոր սենյակները զբաղված են եղել:

«Հեղինակային երգի միջոցառում կար, ծնողները եկել էին, որ մասնակցեին, Ջերմուկում չէին գտել տեղ, որ գիշերեին, Վայքում էին գիշերել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Շրջայցի ընթացքում վարչապետը պատասխանեց նաև բնակարանի սեփականության իրավունքների ձեռքբերման, իրավական համակարգի և այլ թեմաների վերաբերող հարցերի:

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1245932

You may also like...