Վարչապետը հրապարակել է իր ստացած ուշագրավ նամակներից մեկը
Ինչպես հայտնել ենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում առավոտյան տեսանյութեր է հրապարակել:
Դրանցից մեկում նա հայտնել էր, որ պատասխանում է քաղաքացիների նամակներին:
«Ֆեյսբուք»-ի իր էջում վարչապետը նոր գրառում է կատարել՝ հրապարակելով իր ստացած ուշագրավ մի նամակ:
«Նամակներից մեկը, որը ստացել եմ երեկ․
Սիրելի վարչապետ, սովորաբար Ձեզ գրում են խնդրանքով, հարցով, բայց շատ ցանկացա որ գոնե մեկ անգամ քաղաքացու նամակ կարդալով, ուղղակի Ձեզ բավարարված զգաք։
Միշտ ցանկացել եմ աշխատել իմ մասնագիտությամբ` մանկավարժ, սակայն մրցույթները եղել են ձևական , պահանջվել է նվազագույնը 3000 դոլար։
Հեղափոխությունից հետո վստահությունս մեծացավ, 3 անգամ դիմեցի, համառեցի, պայքարեցի անցա աշխատանքի։ Կամավոր ատեստավորման, տարակարգի շնորհիվ աշխատավարձս կարճ ժամանակում եռապատկեցի։ Շնորհակալություն Ձեզ ու Ձեր թիմին մասնագիտական աճի մոտիվացիայի համար։
Չորսս էլ ստանում ենք 201 հազարից ավելի աշխատավարձ և օգտվում ենք առողջության համընդհանուր ապահովագրությունից։
Ինչպես ասում է ամուսինս` առաջներում պիտի ինչքան գումար մագարիչ անեինք, որ երեխաներին էդ աշխատանքին տեղավորեինք:
Բնականաբար խնդիրներ էլ շատ ունենք, բայց առաջ Աստված։ Շնորհակալ ենք մեծ հնարավորությունների համար։ Մեզ պես հասարակ քաղաքացին, որ հիմա Երևանում երկու ուսանող է պահում, դա իսկապես շքեղություն է»,- ասվում է վարչապետի հրապարակած տեքստում:
