Ղալիբաֆը կգլխավորի Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
SNA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ իրանական պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններում կգլխավորի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը։
Ըստ լրատվականի՝ ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ավելի վաղ այդ մասին հայտնել էր CNN-ը:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ամերիկյան կողմում բանակցություններին կմասնակցեն նաև նախագահ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և գործարար, նախագահի փեսա Ջարեդ Քուշները:
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտնել է, որ հանդիպումը կկայանա ապրիլի 10-ին` Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում:
Դոնալդ Թրամփն այսօր հաստատել է, որ ամերիկյան կողմը պատրաստ է երկու շաբաթով դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Նրա խոսքով՝ Թեհրանը և Վաշինգտոնն առաջընթաց են գրանցել խաղաղ կարգավորման ուղղությամբ, և այս երկու շաբաթվա ընթացքում համաձայնագիրը վերջնականապես կձևակերպվի:
