Վլադիմիր Վարդանյանին է հանձնվել ՍԴ դատավորի պատմուճանը
Արարողակարգային միջոցառման մեկնարկին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ներկայացնելով դատավորին՝ մաղթեց արդյունավետ պաշտոնավարում, վստահություն հայտնելով, որ դատավոր Վլադիմիր Վարդանյանն իր ամենօրյա գործունեությամբ կնպաստի մեր երկրում սահմանադրական արդարադատության, իրավունքի գերակայության և սահմանադրականության ամրապնդմանը:
Վլադիմիր Վարդանյանն իր խոսքում նշեց, որ դատավորի կարգավիճակով Բարձր դատարան վերադառնալն իր համար կրկնակի պարտավորեցնող է, քանի որ իր մասնագիտական ուղու զգալի մասն անցել է Սահմանադրական դատարանում՝ ընդգծելով, որ ջանք չի խնայելու իր փորձն ու մասնագիտական կարողությունները Բարձր դատարանի գործունեության արդյունավետությանը ծառայեցնելու համար:
Միջոցառման ընթացքում Սահմանադրական դատարանի դատավոր Վլադիմիր Վարդանյանին հանձնվեցին Սահմանադրական դատարանի դատավորի պատմուճանը:
Օրեր առաջ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել էր, որ առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ՝ դադարեցրել է անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու է նաև խորհրդարանական գործունեությունը: Վլադիմիր Վարդանյանն ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրվել մարտի 25-ին:

