ՀՀ ՇՄ նախարարն ու Շիրակի մարզպետը շրջայց են կատարել ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Գյումրիի տեղամասում

Աշխատանքային այցով Շիրակի մարզ մեկնած Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մարզպետ Դավիթ Առուշանյանի ուղեկցությամբ այցելել է նախարարության ենթակա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղ, որտեղ ներկայումս տեղակայված է նաև ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Գյումրիի տեղամասը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՇՄ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարն ու մարզպետը ծանոթացել են շենքային պայմաններին, ծառայության գործունեության կազմակերպման ընթացքին, նյութատեխնիկական ապահովվածությանը և աշխատանքային միջավայրին։

Համբարձում Մաթևոսյանն ու Դավիթ Առուշանյանն այցելել են նաև Էկոպարեկային ծառայության մարզային տեղամասի համար դիտարկվող նոր տարածք՝ գնահատելու դրա համապատասխանությունը ծառայության կարիքներին և հետագա օգտագործման հնարավորությունները։

Տեղում իրականացվել է տարածքի ընդհանուր զննություն, քննարկվել են ենթակառուցվածքային պայմանները, հասանելիության հարցերը և ծառայության տեղակայման տեսանկյունից կարևոր այլ հանգամանքներ։

You may also like...