Քննարկվել են անտառվերականգնման և անտառպահպանությանն ուղղված միջոցառումները
Հուլիսի 25-ին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանին, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանին։ Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին անտառվերականգնման նոր ծրագրերի, անտառպահպանության, այդ թվում՝ ապօրինի ծառահատումների վերահսկողության և այլ ընթացիկ աշխատանքների հետ կապված հարցեր։
Ողջունելով ներկաներին՝ Արամ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման նախաձեռնության համար, ապա ընդգծեց, որ Լոռու մարզպետարանը խիստ կարևորում է անտառպահպանության հարցերը և ամեն կերպ աջակցում բնապահպանական խնդիրների մեղմմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին ու միջոցառումներին:
Անտառային կոմիտեի նախագահը նշեց, որ Հայաստանի անտառների 68 տոկոսը Լոռու և Տավուշի մարզերի տարածքներում են, հետևաբար ապօրինի անտառահատումների ծավալները այստեղ ամենամտահոգիչն են:
Նա տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը ֆինանսավորել է Լոռու մարզում անտառապատման, անտառվերականգնման, կոճղաշիվային աճի օժանդակման աշխատանքները՝ մարզի տարածքում անտառածածկն ավելացնելու նպատակով:
Վ. Կիրակոսյանը հավելեց, որ Անտառային կոմիտեն՝ Լոռու մարզպետարանի և Լոռու մարզի ոստիկանության հետ ակտիվ համագործակցությամբ միայն կարող է արդյունավետ աշխատել, որպեսզի համակարգում կատարված և կատարվելիք դրական փոփոխությունները նկատելի լինեն: Նա նշեց, որ ապօրինի անտառահատումները կանխելու և դեպքերը բացահայտելու առումով Լոռու մարզն իրենց ուշադրության կենտրոնում է:
Ա. Խաչատրյանն անթույլատրելի համարեց անտառների ոչնչացմանն ուղղված յուրաքանչյուր քայլ և ավելացրեց, որ անտառպահպանության արդյունավետ կազմակերպումն առաջնային խնդիր է:
Ինչ վերաբերվում է թափուկ վառելափայտի բաշխմանը, մարզպետը նշեց, որ հատուկ վերահսկողություն կսահմանվի, որպեսզի թափուկը հասնի իսկապես կարիքավորին:
Մարզում էկոտուրիզմի զարգացմամբ հետաքրքրվողներին կոմիտեի ներկայացուցիչները հորդորեցին՝ հավակնոտ ներդրումային ծրագրեր ունենալու դեպքում դիմել իրենց. անտառային տարածքների վարձակալության հարմար հատուկ պայմաններ են առաջարկվում:
Իսկ մինչ այդ՝ այս օրերին, Լոռու մարզի անտառածածկ տարածքներում վերահսկողություն իրականացնող մասնագետները կպարզեն, թե անտառներում բիզնես գործունեություն ծավալող ընկերությունները որքանո՞վ են գործում օրենսդրությանը համապատասխան: