Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Դիլիջանի մարզահամալիրի բացման արարողությանն ու ծանոթացել քաղաքում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշում ներկա է գտնվել Դիլիջանի վերակառուցված մարզահամալիրի բացման արարողությանը:

Վարչապետը շնորհավորել է ներկաներին մարզահամալիրի բացման առիթով և նշել. «Այն, ինչ լսեցի քիչ առաջ, մի փոքր դառնացնող է, որովհետև հնչեց Դիլիջանի միակ մարզադպրոց արտահայտությունը: Այսինքն այս արտահայտությունը կարող է ցույց տալ ինքնին, թե մենք ինչ ծավալի խնդրի առաջ ենք կանգնած և ինչ խնդիրներ պետք է լուծենք, բայց իմ ասածը նրա մասին չէ, չեմ ակնարկում, որ դժվար է: Ինչքան էլ դժվար լինի, այդ խնդիրները մենք պետք է լուծենք: Ընդամենը երկու օր առաջ կառավարության նիստում ընդունեցինք «Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2024-2030թթ. ռազմավարությունը»: Այդ ռազմավարությունը, մեծ հաշվով սրա մասին է, որ մենք Հայաստանում սպորտային ենթակառուցվածքը պետք է զարգացնենք, բայց շատ կարևոր է, որ այս ճանապարհին կառավարությունը միայնակ չլինի: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել GreenRock ընկերությանը՝ նման նախաձեռնության համար»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` Կառավարության օրակարգը և խնդիրը շատ պարզ է. պետք է այնպես անել, որ յուրաքանչյուր երեխա, նույնիսկ յուրաքանչյուր մեծահասակ, սպորտով զբաղվելու ենթակառուցվածքին հասանելիություն ունենա: «Եվ մենք հիմա էլ բավականին մեծ թվով մարզական ենթակառուցվածքներ ենք ստեղծում՝ դպրոցների տեսքով: Երկու օր առաջ նորից կառավարության նիստում հնչեց, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում 25 մարզադահլիճներ շահագործման կհանձնենք այն դպրոցների համար, որոնք չունեն նման մարզադահլիճներ:

Կարևոր է, որ այս պրոցեսը շարունակվի և մասնավոր հատվածն էլ կառավարության ռազմավարություններին համահունչ ներդրումներ անի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ Կառավարության դերն է` ուղղորդել մասնավոր այն ներդրումները, որոնք սոցիալական պատասխանատվության շրջանակում են: «Բոլոր այդ ներդրումները պետք է լիարժեք համապատասխանեն կառավարության կողմից ընդունված ռազմավարություններին, որպեսզի մենք կարողանանք սիներգիա ստանալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շրջել է մարզահամալիրում` ծանոթացել իրականացված շինարարական աշխատանքներին: Վարչապետին ներկայացվել է, որ Դիլիջանի մարզահամալիրը վերջին անգամ նորոգվել էր 2006 թվականին։ Ծրագիրն իրականացվել է Դիլիջանի համայնքապետարանի և GreenRock Management Group միջազգային կառուցապատող ընկերության հետ համագործակցությամբ։ Փոխվել է շենքի արտաքին և ներքին դիզայնը։ Ձեռք են բերվել նոր մարզական գույք և սարքավորումներ։ Պատասխանատուների ներկայացմամբ, դպրոցում գործելու են ըմբշամարտի, բռնցքամարտի, բազկամարտի, ֆուտբոլի, սեղանի թենիսի և գեղարվեստական մարմնամարզության խմբակներ։ Այժմ դպրոցում կարող է մարզվել ավելի քան 500 մարդ։ Մարզահամալիրն ապահովված է նաև աղջիկների մարզվելու համար նախատեսված գույքով։

Դիլիջանում վարչապետը ծանոթացել է նաև Հովհաննես Շարամբեյանի անվան թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի տարեսկզբին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներին։ Հուշարձան շենքը նախկին տեսքին բերելու համար ամրակայման, հիմնանորոգման աշխատանքների համար Կառավարությունը մոտ 20 մլն դրամ է հատկացրել։ Փոխվել են կոնստրուկցիաները, տանիքը, հիմնային պատերը և այլն։ Վերակառուցումից հետո շենքը կունենա նույն արտաքին տեսքը, սակայն ավելի հարմարավետ նոր ու ժամանակակից ցուցադրություններ անցկացնելու համար։ 2024 թվականին՝ թանգարանի 45-ամյակին, նախատեսվում է թանգարանի վերաբացումը:

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաև Դիլիջան քաղաքի Կալինինի 256 հասցեից մինչև Այգեստան 1/1 հասցեն ընկած հատվածի ասֆալտապատման աշխատանքներին, որոնք արդեն ավարտվել են: Ներկայացվել է, որ սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների ընդհանուր բյուջեն կազմել է 128 մլն դրամ, որի 60%-ը համաֆինանսավորել է Դիլիջանի համայնքապետարանը, իսկ 40%-ը՝ Կառավարությունը:

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում 2023 թվականին Կառավարությունը Դիլիջան համայնքին է նվիրաբերել մեկ աղբատար մեքենա (արժեքը՝ 61 մլն 500 հազար դրամ) և մեկ ունիվերսալ վակումային կոմունալ մեքենա (արժեքը՝ 80 մլն դրամ)։ Մինչ այդ, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Դիլիջանի համայնքապետարանի և Կառավարության ֆինանսավորմամբ ձեռք էր բերվել մեկ աղբատար մեքենա և 200 աղբաման։

You may also like...