Մենք Ռուսաստանի հետ չենք պատերազմելու, բոլոր խնդիրները բարձրաձայնելու ենք, փորձելու ենք լուծելով առաջ գնալ

«Մենք Ռուսաստանի հետ որևիցե հարցով չենք պատերազմելու, չենք կռվելու, բոլոր խնդիրները բարձրաձայնելու ենք և փորձելու ենք լուծելով առաջ գնալ:

Մենք մեզնից որևիցե սպառնալիք չենք ներկայացնում Ռուսաստանին, չենք պատրաստվում սպառնալիք դառնալ, և նման մտադրություն չկա»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով ՌԴ-ում հայ գործարարների ունեցած խնդիրների մասին դիտարկումներին:

Սիմոնյանը հույս է հայտնել, որ բոլոր խնդիրները կքննարկվեն ու կլուծվեն: Նրա խոսքով՝ ինչ-որ հարցեր կան, այդ հարցերը բոլոր երկրների մեջ գոյություն ունեն:

«Մենք՝ քաղաքական գործիչներս, այդ հարցերը քննարկելու և լուծելու համար ենք»,- հավելել է Սիմոնյանը:

Ճշտող հարցին՝ արդյոք ՌԴ պաշտոնյաները ըմբռնումո՞վ են մոտենում հայտարարությանը, թե ԵԱՏՄ-ում Հայաստանը կմնա այնքան, ինչքան կարողանա, Սիմոնյանը պատասխանել է՝ եթե ըմբռնումով չմոտենան, կխոսեն այդ մասին նրանց հետ:

«Փաստացի հիմա ինչքան ժամանակ է՝ մենք փորձում ենք համատեղել: Իսկ էն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը երկու-երեք տարի բանակցեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, և մի գիշերվա մեջ թևից թափ տվեցին, ու ինքը մտավ Մաքսային միության մեջ, ինչ-որ պահ համատեղեց, չէ՞։ Նաև ինչ-որ փաստաթղթեր ստորագրվեցին, և ինչ-որ լուծումներ գտնվեցին։ Նմանատիպ փորձեր շատ կան»,- եզրափակել է Սիմոնյանը:

You may also like...