ԱՄՆ կառավարությունը հանձնառու է աջակցել Հայաստանի տնտեսական աճին. Ջոն Ալելո
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը մեծածավալ ներդրումներ է կատարում Հայաստանի տնտեսության մեջ։
Վերջերս Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը պաշտոնապես մեկնարկեց «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը, որի բյուջեն կազմում է մոտ 25 միլիոն դոլար։
Ծրագրի առաջնային նպատակը Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդումն է, ինչպես նաև մրցունակության ու տնտեսական կառավարման խթանումը՝ կառավարության և մասնավոր հատվածի հետ սերտ գործակցության միջոցով:
«ԱՄՆ կառավարությունը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, հանձնառու է աջակցել Հայաստանի տնտեսական աճին: Դա ներառում է մասնավոր հատվածի հետ գործընկերություն՝ ներգրավելու ներդրումներ, տեխնոլոգիաներ և գիտելիք, ինչպես նաև՝ բիզնես միջավայրի բարելավում, ներդրումների համար նպաստավոր միջավայրի ստեղծում և տնտեսական զարգացման քաղաքականության մշակում»,- միջոցառմանն իր ելույթում նշել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն:
Հնգամյա այս ծրագիրը նպատակ ունի 60 միլիոն դոլար գումարի չափով ներդրումներ մոբիլիզացնել՝ «Ներդրումների մոբիլիզացման հարթակի» միջոցով, ինչպես նաև օգնել 750 ընկերությունների՝ մեծացնել վաճառքների ծավալները։ Բացի այդ, ծրագիրը կնպաստի գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը` աջակցելով առանցքային իրավական փաստաթղթերի մշակմանը: