Մենք հանդես ենք եկել հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման նախաձեռնությամբ. ԱԳ նախարար

Մենք հանդես ենք եկել նախաձեռնությամբ հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման շուրջ: Մենք կարծում ենք, որ զորքերի հետքաշումն իսկապես դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել հնարավոր էսկալացիաները: Էստոնիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

»Այստեղ ես չեմ ուզում ասել, թե ունենք համաձայնություն, սա գաղափար է, որ քննարկվում է: Նաև այլ գաղափարներ կան, որոնք քննարկվում են, բայց կարող եմ հույս հայտնել, որ այսպիսի փոխադարձ քայլերը, ինչպիսին մենք արդեն ունենք և հիմա կտեսնենք, հուսամ վերջնական իրականացումը, ահա այսպիսի փոխադարձ քայլերը անշուշտ դրական ազդեցություն են ունենալու հարաբերությունների կարգավորման վրա»,- ասաց նա՝ նշելով, որ հիմնական գործընթացն, այնուամենայնիվ, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն են;

«Կրկին, ինչպես ես քիչ առաջ ասացի, կարծում եմ, որ պետք է Ադրբեջանը վերադառնա բանակցությունների սեղան, հանդիպումների ձևաչափ, գործընթաց: Մենք մի քանի անգամ առիթ ունեցել ենք ասելու, որ մեծ մասը գործի, ըստ էության, արված է, եթե խոսում ենք պայմանագրի մասին և հիմա մեզ պետք է հանդիպել և պայմանավորվածությունների գալ, էական հարցի շուրջ վերջնական ձևակերպումների»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ հիմնական խնդիրը բանակցությունների բովականդակությունն է: «Եթե շատ բծախնդիր նայենք այս ձևաչափերի հարցին, մեր վերջին շրջանի երկու տարվա, երեք տարվա բանակցությունները եղել են երկկողմ, համենայն դեպս այդպես ենք հռչակել, ֆասիլիտացվել են միջազգային դերակատարների կողմից: Մենք կարծում ենք, որ այսպես էլ պետք է շարունակել: Ինչ-որ չափով դրանք արդեն ցույց են տվել իրենց արդյունավետությունը: Արդեն ասացի, գործի ահագին մասը, մեծ մասը, մեծագույն մասը, ես կասեի, արդեն արված է, և եթե մենք վերադառնանք ու նույն ընդունված մեխանիզմներով շարունակենք, մենք կկարողանանք արագ արդյունքի հասնել: Բացակայող կոմպոնենտը կամ այն բաղադրիչը, որ մենք կուզեինք տեսնել և որը կգա լրացնելու այս ամբողջ շղթան և հասցնելու տրամաբանական ավարտին, Ադրբեջանի ղեկավարության քաղաքական կամքն է, որը հիմա պետք է դրսևորվի կամ չդրսևորվի: Հուսամ կդրսևորվի»,- ասաց Արարատ Միրզոյանը։

You may also like...