ՀՀ է այցելել Իրաքի ՆԳՆ կիբեռանվտանգության պատվիրակությունը՝ գեներալ Հասան Հադի Լազիզ Ալիի գլխավորությամբ (տեսանյութ)
Ապրիլի 20-ին Իրաքի Հանրապետության ՆԳՆ կիբեռանվտանգության գերատեսչության պատվիրակությունը՝ գեներալ, դոկտոր Հասան Հադի Լազիզ Ալիի գլխավորությամբ, Հայաստանում էր։
Այս մասին հյատնել է ՆԳՆ ոստիկանությունը։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը հյուրերի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ հաշվի առնելով կիբեռհանցավորության անդրազգային բնույթը՝ դրա դեմ պայքարի գործուն մեթոդներից է միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերի մեկտեղումը։
Նա նաև արձանագրել է, որ առցանց հանցագործությունների դեմ հետևողական պայքարի շնորհիվ գրանցվել են խոսուն ցուցանիշներ, որոնք լավագույնս արտացոլում են ոլորտում առկա դրական տեղաշարժերը։
Արթուր Բարսեղյանի խոսքով՝ ՆԳՆ ոստիկանությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ոչ միայն կիբեռհանցագործությունների դեմ պայքարն ու դեպքերի բացահայտումը, այլև դրանց կանխարգելումը։ Այդ նպատակով ներդրվում են նորագույն տեխնոլոգիական լուծումներ և քաղաքացիների հետ հաղորդակցման ուղիղ հարթակներ։
Գեներալ Հասան Հադի Լազիզ Ալին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել հանցավորության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև միջազգային գործընկեր կառույցների ու երկրների հետ սերտ համագործակցությունը։
Ներկայացնելով իրաքյան փորձն ու հանցավորության դինամիկան՝ նա պատրաստակամություն է հայտնել զարգացնելու ՆԳ նախարարության հետ սերտ համագործակցությունը։
Հյուրերը ծանոթացել են նաև կրթահամալիրի շենքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը։
