Մոլդովայի դատարանը օլիգարխ Պլախոտնյուկին դատապարտել է 19 տարվա ազատազրկման. BBC

Քիշնևի դատարանը Մոլդովայի դեմոկրատական ​​կուսակցության նախկին ղեկավար, օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկին դատապարտել է 19 տարվա ազատազրկման։

Նա մեղավոր է ճանաչվել երկրի բանկային համակարգից մեկ միլիարդ դոլար գողանալու համար։ Նրա դեմ ևս երեք քրեական գործ է քննվում՝ հայտնում է BBC-ն։

Դատարանի որոշման համաձայն՝ Պլախոտնյուկը հինգ տարի ժամկետով զրկվել է որոշակի պետական ​​պաշտոններ զբաղեցնելու իրավունքից և պետք է պետությանը վճարի մոտ 60 միլիոն դոլար։

Մեղադրող կողմը Պլախոտնյուկի համար պահանջել էր 25 տարվա ազատազրկում՝ 15 տարի խարդախության և 10 տարի՝ խոշոր չափի փողերի լվացման մեղադրանքով, ինչպես նաև բռնագրավել Պլախոտնյուկի ակտիվները՝ վնասը և գործարարին Հունաստանից արտահանձնելու ծախսերը փոխհատուցելու համար՝ հայտնում է  մոլդովական NewsMaker պարբերականը։

Պլախոտնյուկի պաշտպանությունը պահանջել է նրան անմեղ ճանաչել։ Օլիգարխի փաստաբանը պնդել է, որ դատական գործընթացը չափազանց հապճեպ է եղել, իսկ գործերի նյութերում միլիոնավոր եվրոների հասնող սխալներ կան:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ օլիգարխի պաշտպանությունն արդեն հայտարարել է դատավճիռը բողոքարկելու մտադրության մասին։

You may also like...