Ուզում եմ թե՛ Վրաստանին, թե՛ մեզ շնորհավորել, մեծ իրադարձություն է և ոչ միայն ֆուտբոլային իմաստով. Փաշինյան

«Ուզում եմ ուրախությամբ արձանագրել, որ FIFA-ն մի շատ կարևոր որոշում է կայացրել՝ 2029 թվականի Աշխարհի մինչև 20 տարեկանների ֆուտբոլի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում և Վրաստանում»:

Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ տեղի է ունենալու մեծ ու կարևոր իրադարձություն:

«Ուզում եմ թե՛Վրաստանին, թե մեզ շնորհավորել այդ առիթով: Նաև շնորհակալություն Վրաստանի գործընկերներին և անձամբ վարչապետ Կոբախիձեին՝ այդ հարցում արդյունավետ և սերտ գործակցության համար։

Սա մեծ իրադարձություն է Երկրի կյանքում՝ և՛ ֆուտբոլային, և՛ մնացած բոլոր առումներով։
Եվ հիմա, ինչպես ասում են, անցնում ենք գործի։ Ինչպես նախատեսված է նախ պետք է ձևավորվի աշխատանքային խումբ՝ էս տրամաբանության մեջ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ»,-ասել է Փաշինյանը և կարևորել, որ FIFA-ի և Վրաստանի հետ քննարկեն՝ կազմկոմիտեն միասնակա՞ն է լինելու, թե առանձին։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ ակնկալում են մոտ 100.000 երկրպագուի մասնակցություն, Երևանում կլինի մինչև 20 խաղ, իսկ Վանաձորում և Իջևանում միասին՝ 10 խաղ։

Նա նշել է, որ շատ մեծածավալ իրադարձություն է 2029 թվականի սեպտեմբերին սպասվում, արդեն որոշումներ են ընդունել Վանաձորի ստադիոնի վերանորոգման, իսկ Իջևանում նորը կառուցելու ուղղությամբ՝ FIFA-ի չափանիշներով։

Փաշինյանն էլ հայտնել է, թե աննախադեպ շատ են լինելու զբոսաշրջիկները՝ կատակելով. «Այդքան երկրպագու մտնեն Իջևան՝ կարող է սնունդը վերջանա»։

You may also like...