Շիրակի մարզպետն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչներին
Ողջունելով դիտորդներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նրանց ներկայությունը և դիտորդական առաքելության դերն այս ընտրություններում․«Մեր երկրի համար չափազանց կարևոր ժամանակահատվածում եք դուք Հայաստանում և մեզ համար, որպես գործող իշխանություն, առաջնային նշանակություն ունի ընտրությունների արդար, թափանցիկ և օրենքի պահանջներին համապատասխան անցկացումը, քանի որ 2018 թվականից հետո Հայաստանում բոլոր ընտրությունները կազմակերպվել և անցկացվել են միմիայն օրենքի տիրույթում։
Որպես Շիրակի մարզպետ, վստահեցնում եմ, որ գործադրվելու են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ բացառելու ցանկացած խախտում և ապահովելու քաղաքացիների ազատ կամարտահայտությունը։ Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և հենց ժողովուրդն է այն ուժը, որը չի հանդուրժի որևէ անօրինականություն կամ խախտում ընտրական գործընթացներում։
Մենք բաց ենք ձեր բոլոր դիտողությունների և առաջարկների համար և համոզված ենք, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կկարողանանք հասնել ցանկալի արդյունքի։ Տեսլականը հստակ է՝ կազմակերպել բացառապես արդար ընտրություններ և ունենալ լիարժեք ինքնիշխան, ժողովրդավարական պետություն, որի կայացման համար արվում է հնարավոր ամեն ինչ»։
Դիտորդական առաքելության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Դավիթ Առուշանյանին անմիջական ու ջերմ ընդունելության համար՝ կարևորելով մարզպետի պատրաստակամությունը նախընտրական ու ընտրական գործընթացներում խախտումներ թույլ չտալու հարցում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզում ընտրական գործընթացի կազմակերպմանն առընչվող այլ հարցր ևս։

