Մեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտ․ Հայաստանը աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է (տեսանյութ)
Պատմական շաբաթ Հայաստանի և Եվրոպայի համար․ եվրոպական երկրների շուրջ 50 բարձրաստիճան պատվիրակություններ Հայաստանում էին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ և Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովներին։
Միջոցառումների շարքն աննախադեպ էր ինչպես աշխարհագրական, այնպես էլ կազմակերպչական և անվտանգության ապահովման տեսանկյունից։
«Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Ոստիկանությունն իրականացրել է մեծածավալ, բազմաբնույթ նախապատրաստական աշխատանքներ։
Կազմվել է համալիր միջոցառումների իրականացման պլան»,- նշել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման վարչության պետ Էդգար Պետրոսյանը:
Համալիր միջոցառումների շրջանակում արարողակարգային ուղեկցումներ են իրականացրել Ոստիկանության գվարդիայի ծառայողները։
Քաղաքացիները գիտակցելով միջոցառումների կարևորությունը՝ հետևել են ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, ըմբռնումով մոտեցել երթևեկության սահմանափակումներին։
Մասշտաբային միջոցառումները շարունակվել են նաև մայիսի 5-ին․ պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրիում մասնակցել է հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրված միջոցառմանը։
Բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ մեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտ, ինչը ևս մեկ անգամ փաստում է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատականը՝ Հայաստանը աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է։
