ՌԴ-ն պաշտոնական ծանուցում է ստացել Փաշինյանի՝ ԵԱՏՄ ղեկավարների հանդիպմանը չմասնակցելու վերաբերյալ․ Զախարովա
«Մոսկվան պաշտոնական ծանուցում է ստացել Երևանից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ղեկավարների հանդիպմանը։ Հանրապետությունը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը»։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
«Մենք հայկական կողմից պաշտոնական ծանուցում ենք ստացել, որ վարչապետ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը չի կարողանա մասնակցել ԵԱՏՄ ղեկավարների առաջիկա հանդիպմանը։
Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Հերբերտովիչ Գրիգորյանը։ Նման իրավիճակներ, երբ ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչները (ոչ միայն Հայաստանը, այլև այլ երկրներ) այս կամ այն պատճառով չեն մասնակցում ԵԱՏՄ մարմինների աշխատանքներին, նախկինում էլ են եղել։ Խնդիրը մի փոքր այլ է. սա արդեն վերածվում է մի համակարգի, որը, ինչպես մենք հասկանում ենք, Նիկոլ Վովաևիչ Փաշինյանն է ստեղծել այս ոլորտում, այսինքն՝ այս կառույցի աշխատանքի ոլորտում»։
Դիվանագետը հիշեցրել է, որ սահմանված կանոնների համաձայն՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները պետք է մասնակցեն նիստերին։ «Իհարկե, միության համար ողբերգություն չէ. խնդիրը միայն Հայաստանի մեջ է։
Մենք նախընտրում ենք դատել այն կոնկրետ գործնական քայլերով, որոնք ձեռնարկել է Հայաստանի կառավարությունը՝ եվրոպականամետ քաղաքականություն իրականացնելու համար, և դրանց ազդեցությամբ եվրասիական ինտեգրացիոն գործընթացների վրա։ Մենք սկզբից հայտարարել ենք, որ անհնար է համատեղել ԵԱՏՄ-ին անդամակցությունը մեկ այլ ինտեգրացիոն բլոկի վերազգային կարգավորման մեխանիզմների ներդրման հետ։ Մենք սա բազմիցս սպառիչ և բոլոր մակարդակներում քննարկել ենք»,- հավելել է նա։
Ըստ Զախարովայի՝ «նույն այդ արևմտաեվրոպական, ԵՄ կառույցները վարում են ապակառուցողական քաղաքականություն, անօրինական պատժամիջոցների քաղաքականություն այն երկրների նկատմամբ, որոնք ԵԱՏՄ-ի մաս են կազմում»։
«Հետևաբար սա պարզապես կհանգեցնի ուղղակի բախման։ Սա պայմանավորված չէ նրանով, որ մենք դեմ ենք դրան կամ որովհետև մենք հավատարիմ ենք «կամ-կամ» սկզբունքին։ Մենք միշտ ասել ենք, որ բոլոր ոլորտներում համագործակցությունը կարող է օրգանապես համակցվել, և մենք դա պահպանել ենք մինչև այն պահը, երբ ոլորտներից մեկը՝ Արևմտյան Եվրոպան, սկսեց ուղղակիորեն հարձակվել տնտեսության, առևտրի և ֆինանսների վրա անօրինական պատժամիջոցների տեսքով, երբ այդ ամենը վերածվեց հիբրիդային պատերազմի, այդ թվում՝ առևտրային առումով»,- ընդգծել է նա։
