Հուսով եմ, որ երկարատև խաղաղության պայմանագիր առաջիկայում կունենանք. ՀՀ ԱԳ նախարար
Մենք մեկ անգամ չէ, որ հանրահռչակել ենք Հայաստանի Հանրապետության վճռականությունը բարեխղճորեն և կառուցողական կերպով ներգրավված լինել Ադրբեջանի հետ բանակցություններում։ Բանակցություններ, որոնց վերջնանպատակը կլինի հարաբերութունների կարգավորումը և խաղաղության հաստատումը։ Մենք մեկ անգամ չէ, որ վերհաստատել ենք, հանրակռչակել ենք մեր նվիրվածությունը խաղաղության այս գործընթացին, և ընդհանրապես տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը։ Այդ մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ իրանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսին պատասխանելով այն հարցին, թե կկարողանա՞նք ականատեսը լինել խաղաղության հաստատմանը Կովկասում։
«Գիտեք, որ մենք Ադրբեջանի հետ մի քանի ուղղություններով, ըստ էության, բանակցություններ ենք ունեցել մի քանի փուլերով և կոնկրետ խաղաղության պայմանագրի նախագծի վրա ենք աշխատում։ Օրեր առաջ ստացանք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները։ Իհարկե, կուսումնասիրենք և պատշաճ կերպով կարձագանքենք, կներկայացնենք մեր առաջարկները։ Իհարկե, շատերը պնդում են, որ իրական հնարավորություն կա և հնարավորությունների իրական պատուհան կա այս խաղաղության գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար։ Ես, անշուշտ, պետք է համաձայնեմ այս պնդումների հետ. մենք, իրոք, ունենք խաղաղության հնարավորություն, չնայած բազմաթիվ խոչընդոտների և բարդությունների, որ մենք ունեցել ենք։ Չնայած նույնիսկ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանությանը, ատելության խոսքին, ագրեսիվ հռետորաբանությանը։ Իսկապես, մենք այդ հնարավորությունը տեսնում ենք, մենք՝ որպես կառավարություն, մեր կողմից ամեն ինչ անում ենք, որ այս գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին։ Ափսոս, ակնհայտորնեն, որևէ պետություն միայնակ դժվար թե կարողանա խաղաղության պայմանագիր ստորագրել։ Եվ մեր կառուցողականությանը զուգահեռ, մենք կարիք ունենք նաև ադրբեջանական կողմի կառուցողական մոտեցման։ Ես ուզում եմ մեկ անգամ ևս ամփոփելով ասել, այո, այդ հնարավորությունը կա։ Այդ հնարավորությունը կախված է ոչ միայն հայկական կողմի կառուցողական մոտեցումից և ընդգրկումից, որը, այո, կա, այլ նաև ադրբեջանական կողմից։ Եվ մենք հուսով ենք, որ այդ կառուցողականությունն Ադրբեջանը կդրսևորի։ Մենք տեսնում ենք և դրական ազդակներ, ինչպես, օրինակ՝ վերջին շփումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը, երբ տեղի ունեցավ ռազմագերիների և պահվող անձանց ազատ արձակում, և Հայաստանը սատարեց Ադրբեջանի թեկնածությունը «COP 29»-ի ընտրություններում։ Մյուս կողմից էլ տեսնում ենք բացասական ազդակներ, ես նկատի ունեմ պարբերաբար հնչող խոսքերը, կոչերը Ադրբեջանից և նաև, ասենք, բանակցություններում, օրինակ՝ բարձրաստիճան հանդիպումներից խուսափելը։ Գիտենք, որ տարբեր առաջարկներ կան, բայց այդ հանդիպումները վերջին շրջանում տեղի չեն ունենում։ Կրկնում եմ, հուսով եմ, որ այնուամենայնիվ, կառուցողականությունը կհաղթի, և այս հնարավորությունն ունենալ իրական խաղաղության պայմանագիր, երկարատև խաղաղության պայմանագիր առաջիկայում կունենանք։
