Պնդումը, որ Հայաստանը բարձր մակարդակով քննադատում է Ռուսաստանին, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը. Արարատ Միրզոյան
Ես ներողություն եմ խնդրում և խնդրում եմ՝ բացասական չընկալվի իմ ասելիքի սկզբնամասը առնվազն: Բայց կարծում եմ, որ քաղաքականության մեջ և, մասնավորապես, այս դեպքում օրինակ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին խոսելիս, պետք է առավելագույնս ուշադիր լինենք ձևակերպումներին և չառաջնորդվենք պարզունակ գնահատումներով: Այդ մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն Իրանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ արձագանքելով այն պնդմանը թե Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով քննադատում են Ռուսաստանին։
«Դուք ասում եք. «վերջին շրջանում Հայաստանը բարձր մակարդակով քննադատում է Ռուսաստանին». եթե չեմ սխալվում՝ բառացի մեջբերեցի Ձեզ: Ես կխնդրեմ բերել օրինակներ, երբ Հայաստանը բարձր մակարդակով քննադատում է Ռուսաստանին: Այլ բան է այն, որ տարբեր խնդիրների բարձրաձայնում եղել է: Եթե Դուք ասեք, օրինակ՝ ռուսական պետական հեռուստաալիքների եթերներով քննադատում են Հայաստանի իշխանություններին, հայկական որևէ հեռուստաընկերության եթերով քննադատում են Ռուսաստանի որևէ քաղաքականություն, ես, գուցե կհամաձայնեմ կամ կբանավիճեմ, բայց պնդումը, որ Հայաստանը բարձր մակարդակով քննադատում է Ռուսաստանին, թերևս, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը: Համենայն դեպս, իմ հիշողության մեջ այդպիսի, այդ ձևակերպմանը համապատասխանող դրվագներ այս պահին չկան»,- ասաց նախարարը:
Նա սակայն ընդգծեց, որ դա չի նշանակում, և իրենք երբեք չենք թաքցրել, որ եղել են մի շարք խնդիրներ, որոնց մասին բարձրաձայնել են, և այդ խնդիրները վերաբերում են առաջին հերթին երկկողմ ռուսական և նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի ունեցած ակնկալիքների և այդ ակնկալիքների արդարացման կամ չարդարացման հետ: «Այդ խնդիրները եղել են, այդ խնդիրները մենք տեսել ենք և՛ այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության սահմաններն են խախտվել և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներն են հայտնվել օկուպացիայի տակ, և՛ այն դեպքերում, երբ, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գործունեության կամ անգործության դեպքերում, և՛ բազմաթիվ այլ, այդ թվում նաև՝ որոշակի տնտեսական հարցերում և այլն: Հիմա, ունեցե՞լ ենք մենք այս խնդիրները, ունեցե՞լ ենք մենք այս ակնկալիքները ՀԱՊԿ-ում և ՀԱՊԿ-ից, այո, ունեցել ենք: Այդ ակնկալիքների չբավարարման կամ չիրականացման հետևանքով բարձրաձայնե՞լ ենք դրա մասին, այո, բարձրաձայնել ենք: Խոսել ենք դեռ քանի տարի առաջ ՀԱՊԿ-ի արդյունավետության բարձրացման մասին և ինչ-որ պահից, այս կամ այն հանգամանքից ելնելով, մեր ներգրավվածությունը ՀԱՊԿ-ում պահել ենք այն աստիճանի վրա, որը ադեկվատ ենք համարել այդ պահին ՀԱՊԿ-ում ընթացող գործընթացներին կամ ՀԱՊԿ-ի կողմից ծավալվող գործունեությանը:
Սա ՀԱՊԿ-ի մասին, որովհետև մենք խոսում ենք տարբեր կառույցների, տարբեր նշանակության և տարբեր ոլորտների մասին։ ՀԱՊԿ-ը մի կազմակերպություն է, որտեղ անդամները պարտավոր են պաշտպանել, եթե շատ կարճ ձևակերպենք, միմյանց սահմանները։ Հիմա մեր սահմանները խախտվել են, և մենք տեսել ենք, որ այս կազմակերպությունն այնքան էլ չի շտապել այդ սահմանները պաշտպանել։ Ես փորձում եմ շատ կարճ ձևակերպել, անշուշտ, խնդիրն ավելի շատ շերտեր ունի։ Հիմա Դուք ասում եք, այնուամենայնիվ, Հայաստանի վարչապետը որոշեց գնալ Սանկտ-Պետերբուրգ և մասնակցել ԵԱՏՄ-ի գագաթնաժողովին։ Ես չեմ կարծում, որ Դուք երբևէ լսած լինեք, որ ԵԱՏՄ-ի մասում մենք ունենք նույնպիսի ակնկալիքների չկատարում, ինչպիսին, օրինակ՝ ունեինք ՀԱՊԿ-ի պարագայում և որոնց մասին ես խոսեցի։ Կարծում եմ, որ ԵԱՏՄ-ն շարունակում է արդյունավետորեն գործել ՀՀ պարագայում։ Անշուշտ, այս ձևակերպումները միշտ հարաբերական են։ Հիմա կարող եք ասել, որ այդ արդյունավետությունը բարձրացնելու տեղ ունի, բայց ես չեմ կարծում, թե Դուք կմտաբերեք մի այդպիսի դրվագ, երբ որ կարող եք նույն կերպ, թեև այդ ձևակերպումը այդքան էլ տեղին չի, նույնկերպ ասել, օրինակ, որ Հայաստանը քննադատում է Ռուսաստանին ԵԱՏՄ համատեքստում։ Այնտեղ էլ կան խնդիրներ, այդ մասին խոսում ենք։ Մի խոսքով, այսքանը թերևս։ Ձեր նշած մոտեցումը, կարծում եմ, ներողություն, պարզունակ է. Հայաստանը չէր գնում Ռուսաստան և հիմա հանկարծ որոշեց գնալ Ռուսաստան, արդյո՞ք դա նշանակում է, որ այլևս չենք խորացնում հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Մոտավորապես այդպես էր հնչում Ձեր հարցը։ Եթե շատ կարճ պատասխանեմ՝ ոչ»,- ասաց Արարատ Միրզոյանը։
