Ֆիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ

Ֆիլիպիններում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը ցունամիի նախազգուշացում է հրապարակել երկրաշարժից հետո:

Մինդանաո կղզու հարավային և արևմտյան ափամերձ գավառների բնակիչներին հրահանգվել է անհապաղ տարհանվել դեպի բարձրադիր վայրեր:

«Ակնկալվում է, որ առաջին ալիքը ափ կհասնի տեղական ժամանակով ժամը 07:37-ից մինչև 09:37-ն ընկած ժամանակահատվածում (Երևանի ժամանակով՝ 02:37-ից մինչև 04:37-ը), ակտիվությունը կարող է պահպանվել մի քանի ժամ:

Ալիքների բարձրությունը կարող է ավելի քան մեկ մետրով գերազանցել մակընթացության ժամանակ ջրի մակարդակը, ընդ որում՝ փակ ծոցերում և նեղուցներում ալիքները կարող են էլ ավելի բարձր լինել:

Նավահանգիստներում և ծնծաղուտներում գտնվող նավակների տերերին անհրաժեշտ է ապահովել նավերի անվտանգությունը և հեռանալ ափագծից: Ծովում գտնվող նավերին խորհուրդ է տրվում մնալ խորը ջրերում մինչև հատուկ հրահանգի ստացումը», — ասված է հաղորդագրության մեջ:

Երկրաշարժի հետևանքով զոհվել է երեք մարդ, չորս մարդ տուժել է։

Գերատեսչության տվյալներով՝ Մինդանաո կղզու հյուսիսային և կենտրոնական հատվածներում ընդհանուր առմամբ վնասվել է 37 շենք, այդ թվում՝ դպրոցներ, հիվանդանոցներ և բնակելի տներ։

«Տուժած շրջանների ոստիկանները մոբիլիզացվել են բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար, վնասների գնահատումը շարունակվում է», — ասված է տարածված հաղորդագրության մեջ։

You may also like...