Քաղաքացիների հետ քննարկման արդյունքում կորոշվեն համայնքների 3 առաջնահերթ խնդիրները՝ առաջիկայում լուծելու համար

«Ամեն բնակավայրում 3 առաջնահերթ խնդիրների վերաբերյալ որոշում պետք է ընդունել»։

Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության առաջիկա ծրագրերն ու քայլերը քննարկելու ժամանակ։

Ըստ Փաշինյանի՝ կարևոր է, որ այդ հարցը վարչական ղեկավարները քննարկեն բնակիչների հետ։

Վարչապետը տեղեկացրել է, որ այդ նպատակով ամառվա ընթացքում պլանավորում է բոլոր մարզերում իրականացնել աշխատանքային քննարկումներ թեմաների հետ առնչվող Կառավարության անդամների, մարզպետների, համայնքների վարչական ղեկավարների մասնակցությամբ։

«Մեզ հիմա հարկավոր է, որ այդ խորհրդակցությունների արդյունքում իրար հետ որոշենք յուրաքանչյուր բնակավայրի այն երեք առաջնահերթ խնդիրները, որոնք առաջիկայում պետք է լուծենք, այդ թվում՝ սուբվենցիոն ծրագրերի մեխանիզմով և այդպես շարունակ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ուրախությամբ հավելել, որ այս տարի գրեթե բոլոր համայնքները ներկայացրել են այնքան սուբվենցիոն ծրագիր, ինչքան նախորդ 8 տարիների ընթացքում են իրականացրել։

You may also like...