Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
Թեհրանը Վաշինգտոնին տեղեկացրել է, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար տուրքեր չի գանձում։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Հակառակ մտահոգիչ կեղծ լուրերի՝ Իրանը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից տուրք, ապահովագրական վճար կամ որևէ այլ հատուցում չի գանձում։ Եթե դա սխալ տեղեկություն է, բանակցություններն անմիջապես կավարտվեն։
ԱՄՆ-ն առայժմ Իրանին ոչ մի գումար չի վճարել և չի փոխանցել նախկինում սառեցված իրանական միջոցներից»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է վերահսկողության տակ վերցնել Հորմուզի նեղուցը, եթե չհաջողվի համաձայնության հասնել Իրանի հետ: Նրա խոսքով՝ այդ դեպքում ԱՄՆ-ը վճար կսահմանի նեղուցը հատելու համար։
ԱՄՆ իշխանությունները նախկինում հայտարարել են, որ դեմ են նեղուցով անցնող նավերի համար Իրանի կողմից վճար սահմանելուն։
