Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
Վարչապետը ողջունել է Իրանի փոխնախագահի այցը Հայաստան:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդումը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի ողջ տարածաշրջանում հարաբերությունների և համագործակցության հետևողական զարգացմանը:
Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները և շնորհակալություն հայտնել դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ Հայաստանի Կառավարության ցուցաբերած դիրքորոշման և մարդասիրական աջակցության համար։
Հաջորդիվ զրուցակիցները քննարկել են Հայաստան–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը:
Մասնավորապես, երկրորդ կամրջի և նոր տերմինալի կառուցման, մաքսային ոլորտում համագործակցության հետևողական զարգացման ու մաքսային ընթացակարգերին վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է էներգակիրների ոլորտում փոխգործակցության զարգացումը։
Անդրադարձ է կատարվել ճանապարհաշինական համատեղ ծրագրերին, ինչպես նաև գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը միտված քայլերին։
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և նոր հնարավորությունների շուրջ։
Հանդիպման ավարտին վարչապետ Փաշինյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։

