Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի հիմնական նպատակը հանրապետության տարածքում գործող գյուղատնտեսական հումք մթերող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման միջոցով վարկավորման մատչելիության մակարդակի բարձրացումն է: Ծրագրով տոկոսադրույքների սուբսիդավորմամբ վարկերի նպատակները դասակարգվում են ըստ հետևյալ ուղղությունների`

  • պտուղբանջարեղենի գնումներ.
  • խաղողի գնումներ.
  • կաթի գնումներ.
  • սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների գնումներ
  • շինշիլայի գնումներ։

Ծրագրի շրջանակներում՝

  • 2022 թվականի ապրիլի 16-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերը սուբսիդավորվում են 10 տոկոսային կետով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող և նույն վայրերում գյուղատնտեսական հումք մթերող և վերամշակող տնտեսավարողների համար՝ ոչ ավելի, քան 14 տոկոսային կետով.
  • խաղողի մթերումների (գնումների) և սառնարանային պահպանության ու արտահանման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին պտուղբանջարեղենի և խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի չափը հաշվարկվում է գյուղատնտեսական հումքի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև տվյալ տարվա հուլիսի 1-ը.
  • պտուղբանջարեղենի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի չափը հաշվարկվում է գյուղատնտեսական հումքի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 1-ը.
  • պտուղբանջարեղենի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերից բացի 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը շահառուներին կարող է տրամադրվել լրացուցիչ վարկ՝ պտուղբանջարեղենային պահածոների տարայավորման համար անհրաժեշտ ապակե բանկաներ, կափարիչներ, ասեպտիկ պարկեր և դրանց տարաներ ձեռք բերելու համար.
  • վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին խաղողի մթերումների (գնումների) նպատակով յուրաքանչյուր տարի կարող է տրամադրվել մինչև 4.0 մլրդ դրամի վարկ.
  • վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին պտուղբանջարեղենի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլրդ դրամը.
  • վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին կաթի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 1.0 մլրդ դրամը.
  • սառնարանային պահպանության և արտահանման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին պտուղբանջարեղենի և խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլրդ դրամը.
  • սպանդանոցային գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին գյուղատնտեսական կենդանիների գնումների նպատակով տրամադրվող վարկերը հաշվարկվում են սպանդանոցի մակերեսով՝ 15 մ2 մակերեսի համար ոչ ավելի, քան 2.0 մլն դրամ հաշվարկով, իսկ շարժական սպանդանոցի համար՝ ոչ ավելի, քան 5.0 մլն դրամ.
  • շինշիլայի մորթու արտահանման գործունություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին շինշիլայի գնումների նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 50.0 մլն դրամը.
  • միևնույն վարկառուի կողմից վերը նշված նպատակներով մթերումների (գնումների) համար վարկերի տրամադրումը կատարվում է առանձին հայտերի հիման վրա.
  • խաղողի, պտուղբանջարեղենի և կաթի մթերումների (գնումների), սառնարանային պահպանության ու արտահանման գործունեություն իրականացնելու համար պտուղբանջարեղենի ու խաղողի մթերումների (գնումների), ինչպես նաև սպանդանոցային գործունեություն իրականացնելու համար գյուղատնտեսական կենդանիների գնումների նպատակով 2020 թվականին տրամադրված վարկերի համար սահմանված մայր գումարի մարման, իսկ 2021 թվականին տրամադրված վարկերի համար սահմանված արտոնյալ և մայր գումարի մարման համար սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել մինչև 6 ամիս ժամկետով՝ ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ։

Խաղողի մթերումների (գնումների)  և սառնարանային պահպանության ու արտահանման գործունեություն իրականացնելու համար խաղողի մթերումների (գնումների) նպատակով պայմանագրերը կնքվում են ծրագրի Ձև N 4-ին համապատասխան։

Պտուղբանջարեղենի մթերումների (գնումների) և սառնարանային պահպանության ու արտահանման գործունեություն իրականացնելու համար պտուղբանջարեղենի մթերումների (գնումների) նպատակով պայմանագրերը կնքվում են ծրագրի Ձև N 5-ին համապատասխան։

Կաթի մթերումների (գնումների) նպատակով պայմանագրերը կնքվում են ծրագրի Ձև N 6-ին համապատասխան։

Տրամադրվող վարկերն ունեն առավելագույնը՝

  • 3 տարի մարման ժամկետ՝ խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի համար.
  • 1.5 տարի մարման ժամկետ՝ ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի համար։

Վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է ոչ ավելի, քան 12 ամիս՝ խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի համար և ոչ ավելի, քան 6 ամիս՝ ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի համար։

Ֆինանսական կառույցը վարկը հաստատելուց և վարկի ու վարկի ապահովման միջոցների պատշաճ իրավական ձևակերպումներից հետո վարկառուի կողմից ներկայացված բերքի գնումը հավաստող փաստաթղթի հիման վրա տասնօրյա ժամկետում հանձնված բերքի արժեքը փոխանցում է բերքը վաճառողի հաշվեհամարին:

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվում է մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2021 թվականին արտահանված արտադրանքի արժեքը, ընդ որում յուրաքանչյուր շահառուին և «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն իր հետ փոխկապակցված իրավաբանական անձանց 2021 թվականին տրամադրված և 2022 թվականին տրամադրվող բյուջետային երաշխիքների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 4.0 մլրդ դրամը։ Բացի այդ, 2022 թվականին բյուջետային երաշխիքը կարող է տրամադրվել միայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերից վարկային միջոցներ ներգրավող շահառուներին։

Ծրագրին մասնակցող ֆինանսական կառույցների ցանկ։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Կառավարության 2021 թվականի հուլիսի 21-ի N 1168-Լ որոշմամբ հաստատված Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել.

Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչություն, 011 597 254, 011 524 610 հեռախոսահամարով:

Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչություն, 011 530 333, 011 597 184 հեռախոսահամարով:

Պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչություն՝ 011 230 180, 011 235 471։

You may also like...