Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է մնում իր խաղաղության օրակարգին. Միրզոյան

Սկսենք ուղիղ կապից վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջև: Իսկապես, այդպիսի կապուղի կա, և պետք է Ձեզ վստահեցնեմ, որ ոչ միայն երկու երկրների ղեկավարների աշխատակազմերի միջև. այդպիսի կապուղի կա արտաքին գործերի նախարարությունների միջև, մի շարք այսպես ասած գետնի վրա աշխատող, այլ գործակալությունների, գերատեսչությունների միջև: Այդ մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ամփոփիչ ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին։

«Խաղաղության պայմանագրի վերաբերյալ խմբագրական առաջարկների փոխանակումն օրինակ, կամ հիմնականում պայմանագրի շուրջ բովանդակային քննարկումներն ընթանում են արտաքին գործերի նախարարությունների ուղղությամբ, բայց նաև մյուս կապուղիներով: Ինչպես ասացի, տեղի են ունենում նաև ոչ պաշտոնական շփումներ: Դեկտեմբերի 7-ը հիշատակեցիք. իսկապես, կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության համար շահավետ և, ըստ ամենայնի, նաև Ադրբեջանի համար շահավետ պայմանավորվածության, համաձայնության հանգեցինք: Առնվազն 32 հայկական ընտանիքներ, իսկ նրանց հետ նաև ողջ հայ հասարակությունն ուրախ էր և երջանիկ տեսնելու 32 հայ պահվող անձանց, գերիների ազատ արձակումը»,- նշել է նա:

«Ցավոք, այս դրական միտումը չշարունակվեց, մինչ այս պահը գոնե, և ճիշտ հակառակը՝ և՛ խաղաղության պայմանագրի տեքստի համատեքստում, և՛ օրինակ՝ բարձր մակարդակով հանդիպումների համատեքստում, և՛ նաև Ադրբեջանի նահագահի կողմից արդեն հարցազրույցի ֆոնին կարող ենք ասել, որ պաշտոնական դիրքորոշումների համատեքստում տեսնում ենք ճիշտ հակառակ գործընթացը, ընդ որում հետընթաց արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածություններից: Ուզում եմ նշել՝ մի քանի շոշափելի առանցքային ուղզությամբ և հարցում կար այդ հետընթացը: Առաջինը սահմանազատման հարցը, որտեղ Ադրբեջանի նախագահը պնդում էր, որ պետք է նոր սահմաններ գծվեն, իսկ եթե ոչ, պետք է որպես հիմք օգտագործվեն նախախորհդային ինչ-որ սահմաններ: Բացի դրանից, սրան զուգահեռ նաև, օրինակ, տարածքային ամբողջականությանը վերաբերող հայտարարություններն եմ ուզում նորից մատնանշել, մասնավորապես պնդումը, որ ադրբեջանական ուժերը դուրս չեն գալու Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից և, կանխորոշելով սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները, նշելը, որ այդտեղ պետք է լինեն սահմանները: Նույնը՝ կապուղիների ապաշրջափակման համատեքստում: Ինչևէ, նորից ամփոփելով՝ տեսնում ենք, որ այդ դրական միտումը չշարունակվեց»,- ասել է նախարարը:

Միրզոյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է մնում իր խաղաղության օրակարգին և նշված սկզբունքներին; «Դրանցից մեծ մասով կրկին ավելորդ չեմ համարում ընդգծել, արդեն եղել են համաձայնություններ և պայմանավորվածություններ: Եվ հույս ունենք, որ Ադրբեջանը շուտով կվերադառնա կառուցողական դաշտ, և մեզ կհաջողվի ավարտին հասցնել վաղուց սկսված այս խաղաղության գործընթացը»,- ասել է նա:

Անդրադառնալով այն հարցին, թե որն է ընդունելի՝ միջնորդները, թե առանց միջնորդների ուղիղ շփումները՝ Միրզոյանն ասել է. «Ես ինքս բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ մեզ համար այս հարցը, ըստ էության, սկզբունքային չի, այլ սկզբունքային են այդ բանակցությունների բովանդակությունը, սկզբունքային են այն սկզբունքները, որոնց շուրջ այդ բանակցությունները պետք է տեղի ունենան: Նորից չթվարկեմ. արդեն այսօրվա ընթացքում քանիցս թվարկել եմ: Գիտեք, մեր հանդիպումները, այդ թվում և՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, տեղի ունեցած բանակցությունները ցանկության դեպքում կարելի է անվանել և՛ միջնորդավորված, և՛ ուղիղ. մեծ հաշվով մեր տարբեր գործընկերներ կազմակերպել են հանդիպումները, օգնել են հանդիպել: Որոշ դեպքերում առանձին եռակողմ հանդիպումներ են տեղի ունեցել կամ առանձին ձևակերպումներ, առաջարկներ են եղել. բայց միևնույն ժամանակ ցանկոււթյան դեպքում կարելի է ասել, որ սրանք ուղիղ բանակցություններ են, որովհետև հիմնական մասը, այնուամենայնիվ, երկու կողմերը միմյանց հետ են բանակցել: Այնպես որ, կրկին, համարու՞մ եմ ֆորմատը միջնորդավորված, կամ, ֆասիլիտացված, կամ կազմակերպված, թե լրիվ ուղիղ, բառի ամենանեղ իմաստով, հարցադրումը համարում եմ մի փոքր արհեստական. Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բանակցություններ շարունակելու: Սահմանին հանդիպելու առաջարկ, անկեղծ ասած, ես չեմ հիշում: Ես լսել եմ գաղափար սահմանին հանդիպելու և բանակցությունների շարունակման: Մենք այդպիսի առաջարկ չենք ստացել, եթե ստանանք կմտածենք, կդիտարկենք, կարձագանքենք: Ղեկավարների հանդիպումը, ինչպես արդեն ասացի դեռևս Գրանադայից սկսված կամ հետո մշտապես եղել է ղեկավարների նոր հանդիպում կազմակերպելու միտք, առաջարկները: Տարբեր կողմեր հանդես են եկել նախաձեռնությամբ: Կարծեմ այսօր էլ կան այդ ջանքերը՝ կազմակերպել հանդիպում: Առայժմ որևէ պայմանավորվածություն չկա: Այս պահին չկա պայմանավորվածություն ինչպես երկու ղեկավարների, այնպես էլ՝ արտաքին գործերի նախարարների միջև հանդիպման:

Անշուշտ մենք կարծում ենք, որ միջազգային ներգրավվածությունն այս կամ այն ձևով (սա նորից չեմ ուզում ասել, որ խոսքը միջնորդավորված բանակցությունների մասին է), առհասարակ, միջազգային ներգրավվածությունը մենք չափազանց կարևորում ենք, նաև այն պատճառով, որ խաղաղությունը, որը ենթադրաբար կկառուցվի կամ հուսով ենք կհաստատվի Հարավային Կովկասում, և նաև տնտեսական ապաշրջափակումը և այլն, բխում է ոչ միայն երկու երկրների շահերից, այլև տարածաշրջանային և ոչ միայն տարածաշրջանային դերակատարների շահերից: Ավելին, երևույթները, որոնց մենք բախվում ենք կամ որոնց հետ գործ ենք ունենում, ուղղակիորեն առնչվում են այնպիսի արժեքների, որոնք վերաբերում են ողջ մարդկությանը, այսինքն՝ համամարդկային են: Այսինքն, երբ որ մենք խոսում ենք էթնիկ զտումներից, երբ որ խոսում ենք մարդկանց իրավունքից, որևէ այլ հարցից, այս բոլորը վերաբերում են ոչ միայն Ադրբեջանին և Հայաստանին, այլև ողջ մարդկությանը, արժեհամակարգին, աշխարհակարգին, իրավական համակարգին, միջազգային իրավունքին առհասարակ: Նաև այսպիսի կոնֆլիկտակին կամ հակադիր իրավիճակների համար մարդկությունը ստեղծել է համապատսախան մարմիններ, կառույցներ, որոնք ունեն համապատասխան լիազորություններ, այդ թվում և՝ դատական մարմիններ: Այնպես որ այս ողջ գործիքակազմը շարունակում ենք համարել պահանջված և կիրառելի»:

You may also like...