Ձևակերպումը, թե Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացն է Սահմանադրության փոփոխության պատճառը մեծ չափազանցություն կլինի. Միրզոյան

Ըստ էության, մենք սահմանադրական փոփոխություններից խոսել ենք և հանձնաժողովը ձևավորվել է 2018թ. հեղափոխությունից կարճ ժամանակ անց, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում։ Այդ մասին 2023 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հարցին։

«Սա իմ ընկալմամբ, իհարկե, սահմանադրագետները, վստահաբար, ավելի լավ կձևակերպեն կամ սահմանումներ կտան, բայց իմ ընկալմամբ սա մի փաստաթուղթ է, որը, բացի կոնկրետ իրավահարաբերություններ ամրագրելուց և մեխանիզմներ ամրագրելուց, առաջին հերթին փիլիսոփայական, գուցե կարելի է ասել, հենքն է, և իզուր չէ, որ ասում եմ մայր օրենքն է, որով կառուցվում են այդ հասարակության ներսում, տվյալ դեպքում պետության ներսում՝ Հայաստանի Հանրապետության ներսում, իրավահարաբերությունները՝ քաղաքացի-քաղաքացի, քաղաքացի-պետություն և այլն։ Սա առաջին հերթին ներքին նշանակություն ունեցող կարգավորումներ են և ներքին նշանակություն ունեցող փաստաթուղթ է։ Անշուշտ, չեմ ուզում ամբողջովին մերժել, որ, ներքին նշանակություն ունենալով հանդերձ, այն՝ այսինքն ցանկացած Սահմանադրություն, թերևս, ավելի լայն ազդեցություն ունի և ավելի լայն կապեր ունի, այսինքն՝ անդրադառնում է նաև արտաքին հարաբերությունների վրա։ Այս առումով, այո, մեր Սահմանադրությունն էլ բացառություն չէ։ Այո, Ադրբեջանի Սահմանադրությունն էլ, ըստ էության, բացառություն չէ, բայց նորից եմ ուզում ասել, որ ձևակերպումը, թե Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացն է Սահմանադրության փոփոխության պատճառը, թերևս, մեծ չափազանցություն կլինի: Արդյո՞ք Սահմանադրությունն է պատճառը խաղաղության գործընթացի արգելակման, ապա՝ ամենևին ոչ»,- ասել է Միրզոյանը։

You may also like...