Անտառային հրդեհների կառավարման և արագ արձագանքման թեմայով դասընթացների ամփոփում
Շրջակա միջավայրի նախարարությունում ամփոփվել են Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ԱՄՆ Անտառային ծառայության միջազգային ծրագրերի գրասենյակի կողմից կազմակերպված անտառային հրդեհների կառավարման և արագ արձագանքման թեմայով դասընթացները, որոնք իրականացվում էին «Հայաստանում և Եվրասիայում անտառային հրդեհների և արագ արձագանքման թեմաներով կարողությունների զագացում» ծրագրի շրջանակում։
Ամփոփիչ հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալներ Արման Ավագյանն ու Գագիկ Սուրենյանը, ներկայացուցիչներ նախարարության ենթակա ստորաբաժանումներից, ԱՄՆ Անտառային ծառայության միջազգային ծրագրերի ներկայացուցիչ Մեթյու Ուիլսը, անտառային հրդեհների դեմ պայքարի ծրագրի խորհրդատու Վարդան Մելիքյանը և ծրագրի դասընթացավարներ։
Կազմակերպված եռօրյա դասընթացներին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության 17 անտառտնտեսություններից և բնության հատուկ պահպանվող տարածքներից ներկայացուցիչներ և ԱԻՆ հրշեջ-փրկարարներ։
Մասնակիցներին ներկայացվել են հրդեհաշիջման, անտառային հրդեհների մարման, միջգերատեսչական համակարգման, հրդեհային վտանգների կանխատեսման, վաղ ազդարարման հմտություններ, անտառային հրդեհների տարածման բնույթը, մարտավարություններն ու ռազմավարությունը:
Ողջունելով գործընկերներին նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը շնորհակալություն է հայտնել դասընթացը նախաձեռնելու ու անցկացնելու համար և փոխանցել է մասնակիցների դրական արձագանքն առ այն, որ քննարկվող թեմաները և ներկայացվող հմտությունները եղել են արդիական, գործնականում կիրառելի և խիստ անհրաժեշտ։
Նախարարի տեղակալը անդրադաձել է դասընթացների բովանդակությանը և առաջարկել հետագա գործնական պարապմունքների շարքում ներառել նաև արտակարգ իրավիճակների ժամանակ որոշումներ կայացնող ստորաբաժանումների ղեկավարների և մասնագետների համար դասընթացների շարք, քանի որ հաճախ արտակարգ իրավիճակների կանխարգելումն ու դրանց գրագետ կառավարումը կախված է ճիշտ կայացրած որոշումնեից։
Անդրադարձ է կատարվել նաև անտառային հրդեհների կանխատեսման մեթոդների բարելավման և ներդրման հնարավորություններին։
ԱՄՆ-ում լայնորեն կիրառվում են հրդեհների տարածման մոդելավորման ձևաչափերը, որոնք տրամադրվում են որոշումներ կայացնողներին և արդեն կիրառվում են դաշտաին փուլում։ Այս ամենն օգնում է ոչ միայն ճիշտ որոշումների կայացմանը, այլև նախապես ռեսուրսների ճիշտ և արդյունավետ բաշխմանը։
Նախարարի տեղակալը գործընկերներին տեղեկացրել է, որ հուլիսի 29-ին նախարար Հակոբ Սիմիդյանի հետ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում արդեն դաշտային պայմաններում կմասնակցեն հրդեհաշիջման և փրկարարական գործողությունների ուսումնական վարժանքի և տեղում կդիտարկեն դասընթացների ընթացքում գրանցած արդյունքները։
Հանդիպմանն ավարտին քննարկվել են փոխգործակցության ամրապնդմանն ու դրա ինստիտուցիոնալացմանն ու հետագա շարունակականությանն առնչվող հարցեր և կողմերը վերահաստատել են փոխհամաձայնեցված առաջնահերթությունների ուղղություններով համագործակցության խորացման պատրաստակամությունն ու հանձնառությունը: