«Կոռուպցիայի ընկալման ցուցիչով» Հայաստանի հետընթացը կանգնեցվել է և մի փոքր առաջընթաց է գրանցվել

Կառավարության նիստի ընթացքում վարչապետն անդրադարձել է նաև անցած տարի «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության կոռուպցիայի ընկալման համաթվի մեջ Հայաստանի գրանցած նահանջին և նշել, որ հետընթացը կանգնեցվել է և մի փոքր էլ առաջընթաց է գրանցվել: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է զեկույցի մեջ ներառված հետևյալ տողը. «Չնայած նրան, որ Հայաստանը, ինչպես և տարածաշրջանի շատ այլ երկրներ, դիմակայում է անվտանգության սպառնալիքներին, այն ունի բավարար ներուժ՝ հաղթահարելու այդ դժվարությունները և կիրարկելու արդյունավետ քաղաքականություն կառավարելի դարձնելու համար կոռուպցիոն ռիսկերը»:

Վարչապետը նշել է, որ չնայած Հայաստանն առերեսվել է անվտանգային մարտահրավերներին, սակայն իրավիճակների շատ կոնկրետ ճգնաժամի պարագայում և՛ հրապարակային, և՛ աշխատանքային մակարադակներով պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ ճիշտ աշխատանքը և ճիշտ արձագանքն օրակարգային հարցերից չշեղվելն է և այդ ուղղությամբ շարունակել աշխատելը: «Այսօր շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ արձանագրում են մեր դիմակայունության արտասովոր դրսևորումները, և դա միայն այն բանի շնորհիվ է, որ նույնիսկ 2020 թվականի, նույնիսկ 2021 թվականին, 2022 թվականին, 2023 թվականին մեր բարեփոխումների օրակարգը ոչ մի րոպեով չի կանգնել: Եվ կատարված բարեփոխումների շնորհիվ է, որ մեր դիմակայունության մակարդակը բարձրացրել ենք, և այս ճանապարհով պետք է գնանք»,-ընդգծել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը զեկույցին ի հավելում արձանագրել է. «Բոլոր հարցերն արդեն կառավարության օրակարգում են, այսինքն՝ ռազմավարության, քաղաքականության կամ օրենքի մակարդակում, դրանք բոլորն օրակարգում են: Եվ Ձեր նշած նախադասությունը հենց այդ կոնտեքստում է, որ արդեն կա այդ հնարավորությունը, այդ միջավայրը ստեղծված է, մնում են մեր աշխատանքները: Եվ եթե մեր աշխատանքներն ավելի ինտենսիվացնենք, վստահ եմ, որ հաջորդ տարի ավելի մեծ հաջողություններ կունենանք»:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ հակակոռուպցիոն քաղաքականության Հայաստանի կառավարության կամքն անփոփոխ է: Վարչապետը հետաքրքրվել է հակակոռուպցիոն ռազմավարությունով միջոցառումների ցանկի մասին, ինչին ի պատասխան Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշել է, որ այո, կա նման ցանկ և հավելել. «Հակակոռուպցիոն ռազմավարությունը նոր ենք ընդունել: Այն մեր ամենամասնակցային ռազմավարություններից է: Եվ կարևորը, որ հենց բիզնեսի հետ ենք աշխատել ռազմավարական նպատակներն ուրվագծելու համար: Այսինքն՝ հենց իրենք են լուծումներ առաջարկել»: Արդարադատության նախարարը նաև հորդորել է գործընկերներին գնումների մասին նոր օրենքի նախագիծը կազմելիս առաջնորդվել այս ռազմավարությամբ:

Անդրադառնալով կոռուպցիայի ընկալման համաթվին Գրիգոր Մինասյանը նշել է. «Շատ կարևոր է արձանագրել, որ տարին շատ անբարենպաստ էր կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում գլոբալ առումով, աշխարհի առումով, և այս մեկ միավորի արժեքը մենք պետք է շատ գնահատենք, քանի որ, օրինակ, Իռլանդիա և Իսլանդիա մինուս երեք միավոր են, իսկ մեր հարևան Վրաստանը նույնպես մինուս երեք միավոր է»:

Հարթակների գործարկման առումով՝ Արդարադատության նախարարը գոհունակությամբ նշել է, որ քաղաքացիական դատավարությունը մեր երկրում թվայնացված է, և փետրվարի 1-ի դրությամբ արդեն 34 դատական հայց ներկայացվել է հարթակով: Այս փուլում փաստաբանները, իրավաբանական անձինք, պետական հիմնարկները, կառույցները, ֆիրմաները կարող են ներկայացնել դատական հայց բացառապես թվային հարթակի միջոցով, իսկ հաջորդ փուլում դա կվերաբերի նաև ֆիզիկական անձանց:

You may also like...