Մենք քաղաքացու և պետության միջև ճեղք ունենք. Փաշինյան
2018 թ. ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո էլ, և 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո էլ, և անկախ այս ամենից, Սահմանադրության թեման Հայաստանի Հանրապետությունում միշտ կենդանի է եղել ամենատարբեր առիթներով: Ուզում եմ հիշեցնել, որ 2018թ. հեղափոխությունից հետո կային ձայներ, կարծիքներ, որ պետք է փոխել Սահմանադրությունը և վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգի: Ես այդ գաղափարը չէի կիսում: Այդ մասին Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պատերազմից հետո նորից այդ գաղափարը հնչեց, որ եթե մենք ունենայինք կիսանախագահական համակարգ, գուցե ամեն ինչ այդպես չստացվեր: Եթե անկեղծ ասեմ, հենց անմիջապես այդ պատերազմական շրջանում ես էլ էի մտածում, որ գուցե այդ փաստարկները ճիշտ են և գուցե ես ինքս էլ թերագնահատել եմ այդ հանգամանքը, որովհետև մեր գործող Սահմանադրությամբ Գերագույն հրամանատար, բանակ և այլն, այդ հարաբերությունները երբ և ինչպես է գործում, և ուղղահայացում էլ ճեղքեր կան, որոնք նույնպես 44-օրյա պատերազմի ժամանակ, իհարկե, իրենց արտահայտեցին, ի ցույց դրեցին: Բայց ընդհանրապես վերջին շրջանում և հիմա շատ լայնորեն քննարկվում է, խոսել եմ նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին, և եթե ինձ հարցնեք՝ ինչո՞վ է պայմանավորված նոր Սահմանադրությունը, ես վերջին շրջանում նաև շատ եմ խոսում հայրենիք-պետություն հասկացությունների հարաբերությունների մասին, շատ եմ խոսում պետական ինստիտուտներն ամրացնելու անհրաժեշտության մասին: Շատ եմ խոսում և շատ եմ խոսել, և մեծ հաշվով՝ նաև 2018 թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը նաև քաղաքացի-պետություն հարաբերությունների մասին է, քաղաքացի-պետություն դե յուրե, դե ֆակտո սոցիալական, աշխատանքային հարաբերությունների մասին:
Եվ ես արձանագրում եմ, միշտ եմ արձանագրել, բայց իհարկե հետագայում է, որ դրա կարևորության ընկալումն ինձ համար դարձել է ամբողջական: Մենք քաղաքացու և պետության միջև ճեղք ունենք: Ինչո՞վ է արտահայտվում այդ ճեղքը: Այդ ճեղքն արտահայտվում է նորից լեգիտիմությամբ, որովհետև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որն ընդունվել է 1995թ. և մի քանի անգամ փոփոխվել է, այդ Սահմանադրությունը երբեք չի ընդունվել այն պայմաններում և միջավայրում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքն իրեն ասի՝ ես գնացի, քվեարկեցի և ընդունեցի Սահմանադրություն: Այսինքն՝ ես գնացի և արձանագրեցի իմ պայմանավորվածությունը մյուս քաղաքացիների և պետության հետ, որ մենք իրար հետ հարաբերվում ենք այսպես և ապրում ենք այսպես: Այսօր շատ եզրույթներ կան, որ մենք ասում ենք, և վերլուծաբանները, մտավորականները շատ հաճախ խոսում են այն մասին, որ մենք պետական ժողովուրդ չենք, մենք երկար ժամանակ պետություն չունեցած ժողովուրդ լինելով՝ դեռ չենք դարձել պետական ժողովուրդ և այլն, և այդպես շարունակ: Այս խոսույթը կա, բայց ես չեմ ուզում մտնել դրա մանրամասների մեջ, ասել՝ այդպես է, թե այդպես չէ, որովհետև ինչ-որ առումով այդպես է, ինչ-որ առումով այդպես չէ, բայց ես ուրիշ բան եմ ուզում մենք ֆիքսենք, ո՞րն է այն կետը, ո՞րն է այն պահը, երբ մենք ոչ պետական ժողովրդից վեր ենք ածվում պետական ժողովրդի: Այդ պահը Սահմանադրական հանրաքվեն է, երբ մարդը գնում է ինքն իր ազատ կամքով, առանց հարկադրանքի, առանց կեղծիքների, առանց ընտրակեղծիքների, առանց մանիպուլյացիաների և ձեռք բերում պայմանավորվածություն:
Գիտեք ինչ, ընդհանրապես ընդունված է պայմանավորվածությունն արձանագրել ձեռքսեղմումով: Երբ քվեատուփերը բացում ենք, տեսնում ենք՝ անհրաժեշտ թվով քաղաքացիներ քվեարկել են դրա օգտին, այդքան քաղաքացին քվեարկելով՝ միաժամանակ ինչքան մարդ է կողմ քվեարկել, կամ նույնիսկ մասնակցել է, դեմ է քվեարկել, ես միաժամանակ այդքան մարդու հետ ձեռքսեղմում եմ անում, պայմանավորվածություն եմ ձեռք բերում. ասում եմ՝ մենք իրար հետ ապրում ենք այսպես, ապրում ենք պետականորեն, այդ է իմ գիծը, որտեղ պետության ժողովուրդը, ազգը դառնում է ժողովուրդ: Ինչ տարբերություն ազգի և ժողովրդի միջև, որովհետև ազգը էթնիկ ընկալում է, իսկ ժողովուրդը սահմանադիրն է»,- նշել է վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում։
