Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել
Փետրվարի 17-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության ընթացքը, զարգացման հեռանկարները։ Մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության ընդլայնման վերաբերյալ, այդ թվում՝ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցելու ուղղությամբ։
Նախարարները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում` տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի պաշտպանության նախարար Տոդոր Տագարևի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-բուլղարական համագործակցությանն առնչվող հարցեր։
Քննարկվել են նաև փոխգործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ։
Սուրեն Պապիկյանը և Գերմանիայի ազգային պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կարճատև հանդիպում են ունեցել։
Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական համագործակցության ընթացքը, հայտնել իրենց գոհունակությունը և պայմանավորվել ընդլայնել համագործակցությունը։
Նախարարները կարևորել են նաև Հարավային Կովկասում անվտանգության և կայունության իրավիճակը։
Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին։
