Հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2023-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցին: Սույն որոշման ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 156-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից: Մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրության 156-րդ հոդվածը սահմանում է, որ «Յուրաքանչյուր տարվա համար Կառավարությունը զեկույց է ներկայացնում Ազգային ժողով իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին»: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Կառավարությունը յուրաքանչյուր տարի` մինչև մարտի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարում իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույց»: Կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին կառավարության զեկույցը մշակվել է բոլոր շահագրգիռ մարմինների մասնակցությամբ: Այն ներառում է Կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ արդյունքային և թվային ցուցանիշներ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայացմամբ, զեկույցում ներառված է 2023թ. Հայաստանի սոցիալ-տնտեսական պատկերը նկարագրող ցուցանիշներ, ինչպես նաև միջազգային հեղինակավոր մի շարք վարկանիշներում Հայաստանի դիրքի վերաբերյալ տվյալներ, որոնք ի ցույց են դնում Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների բովանդակությունն ու արդյունքները:

Արձագանքելով վարչապետը նշել է. «Ավանդույթի համաձայն մենք Կառավարության տարեկան զեկույցն ավելի մանրամասն քննարկում ենք խորհրդարանական ձևաչափով, այսինքն՝ Ազգային ժողովում: Այսօր Կառավարության նիստում ես ուզում եմ երկու հանգամանքի վրա մեր ուշադրությունը կենտրոնացնել:

Առաջինը, որ մենք 2021թ. նախընտրական շրջանում խոստացել էինք, որ տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ ենք ապահովելու, ինչը, իհարկե, շատ հավակնոտ ցուցանիշ է: Կարող եմ ասել, որ 2023թ. մեզ հաջողվել է արձանագրել 8,7 տոկոս տնտեսական աճ: Նաև ուզում եմ հիշեցնել, որ 2022թ. տնտեսական աճի ցուցանիշը 12,6 տոկոս էր, նաև եթե նախընտրական տարին էլ հաշվի առնենք, տնտեսական աճի ցուցանիշը 5,6 տոկոս էր: Ըստ էության, նաև 2021թ. ցուցանիշները՝ նույնիսկ հաշվառումով, միջինում ավելի քան կատարել ենք տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու խնդիրը, որն, իհարկե, համապարփակ ցուցանիշ է, ինչը բոլոր ոլորտների վրա՝ առանց բացառության, ունենում է կոնկրետ ազդեցություն:

Երկրորդը՝ ես կուզենայի ընդգծել բյուջետային ցուցանիշները, որովհետև 2023թ. մենք ապահովել ենք 2 տրիլիոն 222 միլիարդ բյուջետային եկամուտներ: Որպեսզի այս թվի բովանդակությունն առավել հասկանալի լինի, ասեմ, որ 2017թ. բյուջետային եկամուտների նկատմամբ այս ցուցանիշն ավել է 1 տրիլիոն 64 մլրդ դրամով, այսինքն՝ բյուջեի աճը, հարկային եկամուտների մասին է խոսքը, կազմել է շուրջ 92 տոկոս: Այսինքն՝ 2017թ. նկատմամբ մենք բյուջեի հարկային եկամուտներն ավելացրել ենք 92 տոկոսով, չնայած՝ ավելի ճիշտ կլինի ասել, որ ոչ թե մենք ենք ավելացրել, այլ հարկ վճարողներն են ավելացրել: Եվ ես կրկին ուզում եմ բոլոր մեր օրինապահ հարկ վճարողներին շնորհակալություն հայտնել»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ձեռք բերածով չպետք է բավարարվել, քանի որ Հայաստանում, ցավոք, շարունակում է մնալ ստվերային տնտեսություն: «Մեզ մոտ ստվերային տնտեսության մեջ պիտի նկատի ունենանք նաև այն դեպքերը, երբ մենք գործնականում հարկային վարչարարություն չենք իրականացնում, կամ էլ այն դեպքերը, այսինքն՝ օրենքով նախատեսված է հարկային վարչարարություն, բայց դե ֆակտո դա չի իրականացվում: Մենք նախորդ տարի մի այդպիսի քայլ արեցինք այս տարվա համար, և այս տարի արդեն մենք մեր քաղաքացիներից ակնկալում ենք, որ բնակարանների վարձակալության դեպքում դրանք հայտարարագրենք: Երբ մենք այս որոշումը կայացնում էինք, ես հիշում եմ, որ բավականին հոռետեսություն կար, թե դա ինչքանո՞վ կաշխատի, բայց ես գիտեմ նաև, որ արդեն իսկ Հայաստանի շուրջ 15 392 քաղաքացի (շուրջ 21 000 հայտարարություն) հայտարարագրել է, որ վարձով բնակարան է տալիս»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, իրավիճակն այնպիսի է եղել, որ օրենսդրությամբ բնակարան վարձակալելու պարագայում հարկի վճարումը նախատեսված է եղել, բայց գործնականում դա չի իրականացվել: Պարզաբանելով Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ պարզ համակարգ է ներդրվել հարկային օրենսգրքում, որ եթե անձն ուզում է հայտարարագրել իր եկամուտները վարձակալությունից, պարզ ձևաչափով հայտարարություն է ներկայացնում հարկային մարմին իր եկամուտների մասին և հաջորդ տարի արդեն հայտարարագիրը ներկայացնում է:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև վերջին օրերին արտագնա աշխատանքի մեկնողների շրջանում հնչող որոշակի բողոքներին: Վարչապետը նշել է, որ օրենքը նախատեսում է, որ արտագնա աշխատանքի մեկնողները նույնպես եկամտային հարկ պիտի վճարեն, այսինքն՝ աշխատանքի երկրում և Հայաստանի Հանրապետությունում առկա եկամտային հարկի տարբերության չափով, բայց դա էլ չի իրականացվում, ինչպես բնակարանի վարձակալության հետ կապված օրենքի դեպքում էր: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե այս առումով ի՞նչ փոփոխություններ են արվել:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի խոսքով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության ամբողջ պատմության ընթացքում գործել է հետևյալ կանոնը, որ ՀՀ ռեզիդենտը վճարում է թե՛ ՀՀ-ում ստացած եկամուտները, թե՛ արտասահմանում, իհարկե կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի ուժով նաև կան բացառություններ: «Եվ ինչպես նշեցիք, որևէ մեխանիզմ չի եղել այդ պարտականությունը կյանքի կոչելու: Մենք 2020թ. ԱՊՀ շրջանակներում միացել ենք համաձայնագրին, որով նախատեսվում է, որ հարկային մարմինները կփոխանակեն էլեկտրոնային տեղեկություններ միմյանց քաղաքացիների ստացած եկամուտների և վճարված եկամտային հարկի մասին, և առաջին անգամ նախորդ տարի ենք ստացել այդ տեղեկությունը: Ինչպես պահանջում է հարկային օրենսգիրքը, սկսել ենք մեղմ վարչարարություն իրականացնել, մեր քաղաքացիներին ծանուցել ենք առկա հարկային պարտավորությունների մասին»,-ասել է Ռուստամ Բադասյանը:

Անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնողների շրջանում հնչող բողոքներին, վարչապետը նշել է, որ պետք է հարկ վճարելու նկատմամբ վերաբերմունքը փոխել: «Ամեն իրավիճակում կարող են լինել օբյեկտիվ բողոքներ: Մենք պարտավոր ենք այդ օբյեկտիվ բողոքներին և օբյեկտիվ դիրքորոշումներին արձագանքել: Բայց նաև ուզում եմ ասել, որ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները, երբ վերադառնում են Հայաստանի Հանրապետություն, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի մեր հայրենակիցները, ովքեր գնացել, եկել են, պետք է, որ նկատած լինեն, որ նույն Գեղարքունիքի մարզի ավտոմոբիլային ճանապարհներն այն վիճակում չեն, ինչ վիճակում էին մի ժամանակ: 2018 թվականից մինչև այսօր Գեղարքունիքի մարզում 452 կմ ճանապարհ է կառուցվել: Սա միայն պետական ծրագրերով»,-ասել է կառավարության ղեկավարը և հավելել, որ այստեղ Գեղարքունիքի մարզի մասին է խոսում, սակայն ասվածը վերաբերում է բոլոր մարզերին:

Թեմային շրջանակում կառավարության ղեկավարը նշել է, որ միայն Գեղարքունիքի մարզում, ընդհանուր առմամբ, 76 միլիարդ 980 միլիոն դրամի՝ 180 միլիոն դոլարի չափով սուբվենցիոն ծրագրեր և պետական բյուջեի միջոցներով ծրագրեր են իրականացվել: Նիկոլ Փաշինյանը թվարկել է Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքում 2018 թվականից մինչ օրս իրականացված 148 սուբվենցիոն ծրագրերի մի մասը: Ըստ այդմ՝ «Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիս բնակավայրի երկու փողոցների և գերեզմանոցի հարակից տարածքի գիշերային լուսավորության ցանցի նորոգում, Մարտունի խոշորացված համայնքի Լիճք բնակավայրի Ա3 թաղամասի թիվ 5 և 8 դպրոցների խմելու ջրագծի ներքին ցանցի կառուցում, Մարտունի խոշորացված համայնքի Լիճք բնակավայրի Ա1 թաղամասի համար 2 փողոցի ասֆալտապատում, Մարտունի խոշորացված համայնքի Գեղհովիտ թիվ 1 փողոցի ասֆալտապատում, Մարտունի խոշորացված համայնքի Վերին Գետաշեն բնակավայրի մաս 5 և Բ թաղամաս 10-րդ փողոցների ասֆալտապատում, Մարտունի խոշորացված համայնքի Ծովասար բնակավայրի երկրորդ փողոցի ճանապարհի հիմնանորոգում, Մարտունի խոշորացված համայնքի Վարդենիկ բնակավայրի խմելու ջրագծի նոր սնուցող ջրագծի կառուցում, Մարտունի խոշորացված համայնքի Վարդենիկ բնակավայրի Սարի առու ոռոգման մայր ջրատարի հիմնանորոգում, Մարտունի խոշորացված համայնքի Ձորագյուղ բնակավայրի թիվ 9 փողոցի ասֆալտապատում, Մարտունի խոշորացված համայնքի Ծակքար բնակավայրի առաջին և երրորդ փողոցների երկարությամբ անցնող ոռոգման ջրագծերի կառուցում մետաղական կիսախողովակներով, Մարտունի խոշորացված համայնքի Գեղհովիտ բնակավայրի Ղռաժներ և Չայիրներ թաղամասերը սնող ոռոգման ջրատարների գլխամասի կապիտալ վերանորոգում, Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի գիշերային լուսավորության ցանցի ընդլայնում, Մարտունի խոշորացված համայնքի Աստղաձոր բնակավայրի Զորավար Անդրանիկի փողոցի ասֆալտապատում, Մարտունի խոշորացված համայնքի Աստղաձոր բնակավայրի Զորավար Անդրանիկ փողոցի խմելու ջրագծի ներքին ցանցի հիմնանորոգում, Մարտունի խոշորացված համայնքի Ծովասար բնակավայրի 10-րդ փողոցի ասֆալտապատում, Մարտունի խոշորացված համայնքի Վաղաշեն բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման սեյսմազինվածության բարձրացում բակային մասի բարեկարգում, Մարտունի խոշորացված համայնքի Ծակքար բնակավայրի 10-րդ փողոցի ասֆալտապատում, Մարտունի խոշորացված համայնքի Ծակքար բնակավայրի Մատուռներ առվի ոռոգման ջրագծի կառուցում, Մարտունի խոշորացված համայնքի Ծակքար բնակավայրի մշակույթի տան հիմքերի ամրացում, Մարտունի խոշորացված համայնքի Ծովինար բնակավայրի մանկապարտեզի շենքի վերանորոգում երրորդ փուլ, Մարտունի խոշորացված համայնքի Ծովինար բնակավայրի համայնքի փողոցների ասֆալտապատում, Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգում, Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի նոր կապտաժի կառուցում և որոշակի հատվածներում երկաթյա խողովակների փոխարինում, Մարտունի խոշորացված համայնքի Երանոս բնակավայրի մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի երկրորդ մասնաշենքի ուժեղացում և հիմնանորոգում, Մարտունի խոշորացված համայնքի Վերին գետաշեն բնակավայրի ներհամայնքային ոռոգման առուների կառուցման աշխատանքներ, Մարտունի խոշորացված համայնքի Զոլաքար բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցում և տարածքի բարեկարգում երրորդ փուլ, Մարտունի խոշորացված համայնքի Զոլաքար բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի կառուցում»:

You may also like...