Մենք պնդում ենք, որ ապաշրջափակման ուղղությամբ բոլոր գործողություններն արվեն փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա. Միրզոյան

Մարտի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հանդես է եկել ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցով: Այդ մասին հայտնում են ՀՀ ԳԱՆ-ից։

Արտաքին գործերի գերատեսչության ղեկավարն անդրադարձել է 2023թ. տարեսկզբից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո ԼՂ էթնիկ զտմանը, բնակչության բռնի տեղահանմանը, այդ ընթացքում ՀՀ դիվանագիտական ջանքերին՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, և միջազգային արձագանքները:

Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, առկա խնդիրներին և դրանց շուրջ ՀՀ դիրքորոշումներին: Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում ՀՀ ներգրավածության, մի շարք երկրների հետ երկկողմ հարաբերությունների ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև նոր ձևաչափերով գործընկերության խորացմանն ուղղված ծավալուն աշխատանքը, արդյունքները:

Իր խոսքում նախարար Միրզոյանը հակիրճ անդրադարձ է նաև 2024թ. տարեսկզբից հիմնական զարգացումներին, ինչպես նաև պատասխանել վերոշարադրյալ թեմաների շուրջ պատգամավորների մի շարք հարցերի:

«Հայաստանի Հանրապետության կառուցողական ջանքերը տարածաշրջանում երկարատև կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ շարունակել են մնալ նույն ինտենսիվությամբ և նպատակն էլ շարունակել է մնալ նույնը։

Ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ հիշատակել սկզբունքները, որոնցով մենք առաջնորդվել ենք և այսուհետ առաջնորդվում ենք այդ խաղաղության մասին խոսելիս կամ այդ խաղաղության շուրջ բանակցելիս: Հայաստանը և Ադրբեջանը պետք է ճանաչեն փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնված 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Քննարկվող տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման կոնտեքստում մեզ համար չափազանց էական է, որպեսզի այս ենթակառուցվածքներն ապաշրջափակվեն մի քանի հիմնարար սկզբունքների համաձայն. դրանք են՝ երկրների ինքնիշխանությունը, ազգային իրավազորությունը և, իհարկե ենթադրվում է և մենք պնդում ենք, որ բոլոր գործողությունները, որ կարվեն ապաշրջափակման ուղղությամբ, արվեն փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա»,- նշել է Արարտ Միրզոյանը

Նախարար Միրզոյանի ամբողջական զեկույցը հասանելի է այստեղ:

You may also like...