ՀՀ պաշտպանության նախարարության 2023 թ. կատարողականը կազմել է 99.8 տոկոս

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 25-ին քննարկել և ի գիտություն է ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ ՀՀ շուրջ ստեղծված անվտանգային վիճակով պայմանավորված` 2023 թվականիը բավական բարդ տարի էր ՊՆ-ի և ամբողջ Զինված ուժերի համար: Տարվա ընթացքում զորքերը հիմնականում գտնվել են մարտական տարբեր պատրաստականության աստիճաններում, իսկ կառավարման մարմիններն աշխատել են ուժեղացված աշխատանքային ռեժիմով: Մայիս և սեպտեմբեր ամիսներին, անվտանգային իրավիճակով պայմանավորված, Զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության տարբեր աստիճանների: Մարտական հերթապահությունը և դրան զուգահեռ մարտական բարձր պատրաստականության պայմաններում ծառայությունն իրականացվել է ԶՈՒ-ի կարողությունների վերականգնման, վերակազմավորման և համալրման գործընթացներին զուգահեռ, որոնց զգալի մասն իրականացվել է քաղված դասերի հաշվառմամբ և միջազգային չափորոշիչների կիրառմամբ: ՀՀ ՊՆ կողմից իրականացվող պետական բյուջեի գործառնական դասակարգման թվով 5 ծրագրերով 2023 թվականի համար հաստատված նախահաշիվներով տարեսկզբին հատկացվել է 517.28 մլրդ դրամ, որը տարվա ընթացքում ավելացել է 9.19 մլրդ դրամով: Կատարողականը կազմել է 525.81 մլրդ դրամ կամ 99.8 տոկոս: ՀՀ կառավարության ծրագրի 2021-2026 թվակաների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ՊՆ բաժնի ցանկը կազմված է 14 նպատակից, որոնք ներառում են 37 միջոցառումներ: Դրանք կատարվել են նախատեսված ծավալներով և ժամկետներում:

Քննարկման մի մասը հանձնաժողովի որոշմամբ անցկացվել է փակ ձևաչափով:

You may also like...