Հայ և ֆրանսիացի պատգամավորները քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Մենք մշտապես կարևորել ու շարունակում ենք կարևորել հայ-ֆրանսիական հարաբերությունները: Ողջունում ենք տարբեր ձևաչափերով ֆրանսիացի գործընկերների ներկայությունը Հայաստանում և ուրախ ենք, որ երկկողմ կապերն արդեն տևական ժամանակ է թեւակոխել են գործնական քայլերի իրագործման փուլ: Ողջունելով Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը` նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Մարտի 25-ին խորհրդարանում կայացած հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Սարգիս Խանդանյանը, Արմեն Խաչատրյանը, Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Արթուր Խաչատրյանը, Աղվան Վարդանյանը, Աննա Գրիգորյանը և Մհեր Մելքոնյանը:

Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է ֆրանսիացի գործընկերների մասնակցությունը միջազգային բազմակողմ հարթակներում և տարաբնույթ աջակցությունը հայանպաստ բոլոր նախաձեռնություններին:

Նշվել է, որ Ֆրանսիան լրջագույն դերակատարություն է ունենում մեր երկրի անվտանգային և ժողովրդավարական միջավայրի զարգացման գործում: Հայ խորհրդարանականներն ընդգծել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության կարևորությունը մեր երկրի անվտանգության ապահովման հարցում:

Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, արգասաբեր ու արդյունավետ է գնահատել երկկողմ գործակցությունը:

Հանդիպմանը հայ խորհրդարանականները ներկայացրել են Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացները, անվտանգային մարտահրավերները:

Հայ և ֆրանսիացի պատգամավորները քննարկել են թե’ երկկողմ եւ թե’ բազմակողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:

You may also like...